RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-14 23:17:01Վովա Վարտանովի զրույցը Թեքեյան Մշակութային միության առցանց լրատվամիջոցին
2020-08-14 21:53:02Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարները պետական պարգևներ կստանան, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանը՝ Ազգային հերոսի կոչում
2020-08-14 18:25:15Լիբանանից Հայաստան տեղափոխվողների համար կառավարությունը փաթեթ է պատրաստում
2020-08-14 15:21:00ԼՂ-ում հայերը կանգնած են գոյաբանական սպառնալիքի առջև. Փաշինյանն անդրադարձել է ուժի բացառման խնդրին
2020-08-14 15:16:29Մեր տարածաշրջանում կան երեք խաղացողներ՝ Իրան, Թուրքիա ու Ռուսաստան
#142, 2013-08-29 > #143, 2013-08-30 > #144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013



Տեղադրվել է` 2013-08-30 23:47:26 (GMT +04:00)


Ընթերցված է` 1785, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 29

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեր երկրում ինչ-որ անհասկանալի գործընթացներ են տեղի ունենում, որը հասկանալու համար որեւէ մեկը, բացի տնտեսությունն ու քաղաքական դաշտն իմանալուց, պետք է աճպարարությունները բացահայտելու հմտություններ ունենա, նվազագույնըՙ սեկա խաղալ իմանա, գումարած` ճանաչի բոլոր կլանները եւ նրանց տանիքները, տեղյակ լինի նրանց ունեցվածքից ու հարստության չափից, իմանա` ո՞ւմ է պատկանում այս կամ այն տեսակետը տարածող լրատվամիջոցը եւ այլն: Այդ եւ բազմաթիվ այլ տեղեկություններով օժտված մարդը միայն կարող է հասկանալ` ի՞նչ է կատարվում Հայաստանում, ինչու է ծագում բողոքի այս կամ այն ալիքը, ինչին ի՞նչ է հաջորդում, կամ այս խառնաշփոթի մեջ ո՞վ ո՞ւմ բարեկամն է, ո՞վ ո՞ւմ կողմնակիցն է, ո՞վ ինչ է ուզում, ի՞նչ նպատակ հետապնդում: Իսկական քաոս: Նույնիսկ` ոչ կառավարելի քաոս, արեմտյան քաղտեխնոլոգների սիրած կառավարելի քաոսի հակառակը: Հենց անկառավարելի քաոս է, համենայն դեպս` մեր ժողովրդի լայն հատվածների համար: Ժողովուրդը վաղուց կորցրել է լաբիրինթոսի այն թելը, որը բռնած պետք է հետ գնար` չմոլորվելու ու սեփական երկրի վերին շերտերի մտքինը հասկանալու համար: Մեր հանրային կյանքն այդ անթել լաբիրինթոսն է հիշեցնում: Մինչդեռ լայն հանրությունը կուզենար տեղյակ լինել գլխին գալիքի, այս կամ այն կենսական հարցում Հայաստանի իշխանության տրամաբանական եւ կանխատեսելի քայլերի, արտաքին ոլորտում` Հայաստանի գնալիք ճանապարհից վաղօրոք եւ առաջին ձեռքից: Մի խոսքով` իշխանությունն իր քայլերը պետք է աներ` տեղեկացնելով ժողովրդին ամեն առարկայական հարցի վերաբերյալ, հիմնավորեր եւ բացատրեր օգուտ-վնասը, քանզի իշխանությունը, եթե ընտրվում է ժողովրդի կողմից, հենց միայն նրա համար է, որ հաշվետու լինի իր քաղաքացիներին, նրան տեղյակ պահելով աշխատի նրա համար: Մինչդեռ Հայաստանում հասարակությունը ոչնչից լիովին ու նույնիսկ մասամբ տեղեկացված չէ, ոչինչ չգիտե իրեն վերաբերող հարցերի մասին, իսկ նրա մտածող եւ վերլուծող մասն ամեն օր ստիպված է իշխանության քայլերի վերաբերյալ բարդ ռեբուսներ լուծել, ամենազարմանազան ենթադրություններ անել` փորձելով հասկանալ ինչին ի՞նչ է հաջորդում եւ ինչո՞ւ: Իմիջայլոց, դա վերաբերում է ինչպես իշխանությանը, այնպես էլ կուսակցություններին` իշխանական եւ ընդդիմադիր հավասարապես:

Դիցուք Հայաստանի իշխանությունը. ամիսներով հարցեր են կուտակվում, իրադարձություններ են տեղի ունենում, տեղական ու միջազգային նշանակության կենսական խնդիրներ են հասունանում` բարձր իրավասուներից ոչ ոք չի նստում հեռուստացույցի առջեւ բացատրելու սեփական ժողովրդին` ի՞նչ է կատարվում, ի՞նչ մտադրություններ ունենք մենք, հայերս, ի՞նչ է մտմտում Հայաստանի իշխանությունը, ո՞ր հարցի վերաբերյալ ինչպիսի տեսակետ ունենք: Հայաստանի քաղաքացին դա հատկապես սպասում է Հայաստանի նախագահից: Նախագահը հո մենակ ՀՀԿ-ի նախագահը չէ, որ հինգշաբթի օրերը գնում ու իր կուսակցության հետ փակ ինչ-որ խնդիրներ է քննարկում, որոնց մասին տեղեկություններն էլ ընտրովի են մատուցվում, եւ ի վերջո չենք իմանում` ո՞ր հարցի մասին ի՞նչ տեսակետ է հնչել այդ փակ նիստերին: Կամ միայն հո նախարարությունների ու գերատեսչությունների նախագա՞հը չէ, որ այդ կառույցներում ինչ-որ էլ փակ հանդիպումներ է ունենում, իրեն հարկավոր ապսպրանքները տալիս, որոնց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը սովորաբար միայն շատ քիչ բան է փոխանցում:

Ասենք, ողջ ամառ, մինչեւ օգոստոսի 30-ը ներառյալ (մինչեւ նախագահի նստավայրից տարածված տեղեկությունը), մարդիկ ենթադրություններ էին անում, թե սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ի՞նչ կարեւոր խնդիրներ են քննարկվելու Պուտին- Սարգսյան հանդիպմանը, ու ամենաֆանտաստիկ ենթադրություններն էին արվում, թե` հաստատ Ասոցիացման պայմանագրի նախաստորագրման հետ կապված խնդիրների շուրջն է հանդիպումը, թե` Պուտինը չի թողնելու այն ստորագրենք, թե` Մաքսային միությունն է դեմ տալիս, թե` ֆինանսական օժանդակության հարց է լուծվելու. ու ոչ ոք չկա բացատրի` ո՞րն է մեր դիրքորոշումը, որ պիտի Մոսկվա տանենք, այդ այցի հետ կապված ի՞նչ խնդիր է անհանգստացնում Հայաստանին: Առհասարակ` պարզ, մարդկային լեզվով երկրի քաղաքացիների հետ ինչու չի զրուցում նախագահը` բացատրելով, թե ի՞նչ է տալու մեզ Ասոցիացման պայմանագիրը, ի՞նչ ենք սպասում ռուսների հետ առաջիկա հանդիպումից: Որ մարդիկ իրենց մարդատեղ դրված համարեն ու երկրի ղեկավարի կողմից ուղիղ իրենց ուղղված խոսք լսեն, մտորելու, եզրակացության գալու համար էլ առաջին ձեռքից նյութ ատանան` չմիջնորդավորված, էս ու էն երկրի մայրաքաղաքում չասված, առանց բազմիմաստ ու անհասկանալի ենթատեքստերի: Ուղիղ եւ շիտակ սեփական երկրի ժողովրդին ասվի վերջապես` այս հարցի մասին այս դիրքորոշումն ունենք, այն հարցի մասին` այն: Շահարկումների դուռը փակելով եւ շագանակի սիրահարներին թույլ չտալով թպրտալ:

Սիրիան էսօր-էգուց ռմբակոծում են` մերոնք բան չեն ասում. ո՞րն է մեր դիրքորոշումը մեզանից ոչ շատ հեռու գտնվող երկրի հանդեպ հարվածների պարագայում, սիրիահայերի հանդեպ ինչ գործելակերպ ենք որդեգրելու, ինչից զգուշանանք, ինչից` ոչ: Մանավանդ ակնհայտ է, որ Սիրիային դաս տալով` հակասիրիական դաշինքը զգուշացնելու է մեր դաշնակից Իրանին` նրա միջուկային հավակնությունների համար, իսկ սա արդեն ողջ տարածաշրջանում ռեզոնանսի ու հետեւանքների խնդիր է, Թուրքիան էլ կողքներս: Պարզ է, որ այս մասին էլ խոսվելու է Պուտին-Սարգսյան հանդիպմանը, բայց մինչ այդ մտահոգությունները չբարձրաձայնվե՞ն ամենաբարձր մակարդակով եւ երկրի քաղաքացիների մտավախություններին ի տրիտուր:

Կամ գազի գինը բարձրանալիս հնարավոր չէ՞ր ժողովրդին ժամանակին տեղեկացնել, հիմնավորմամբ հանդերձ, որը գուցե ավելի ընդունելի լիներ, քան գազի գնի հետ կապված ողջ պարտիզանությունը:

Կամ ասենք` հիմա խոսք է գնում խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու եւ սահմանադրական փոփոխությունների մասին` սա պետական մակարդակի միջոցառում է: Եթե այսպիսի բան կա` ինչո՞ւ պետք է ժողովուրդն այդ մասին երկրի ղեկավարից չիմանա` հիմնավորմամբ հանդերձ, կամ եթե չկա, էլի նույն ձեւով: Թե չէ` արտահոսքերով տեղեկություն տալն ու մանիպուլյացաիները հոգնեցրել են բոլորին:

Նույն կերպ կուսակցությունները` ընդդիմադիր ու իշխանական, հավաքվում-փակ ակումբների նման խնդիրներ են քննարկում: Ոչ ոք չի հասկանում` ի՞նչ մտադրություններ ունեն նրանք, այս կամ այն հարցի հետ կապված ինչ են մտածում (խոսքը պաշտոնական տեսակետի մասին է, ոչ թե անհատների մակարդակով զրույցների), նրանց հաջորդ քայլն ինչ է, կամ ինչո՞ւ են նրանց որոշումները ոչ թե տրամաբանական հերթագայությամբ կայացվում, այլ` անսպասելի, ու միշտ անակնկալի են բերում հանրությանը: Ախր անակնկալի բերում են թշնամուն: Իսկ Հայաստանի քաղաքացիներին պետք չէ անակնալի բերել, նրանց հարկավոր է սեփական ղեկավարների եւ սեփական կուսակցությունների կանխատեսելի վարք եւ աշխատանք: Մանավանդ` բոլոր կարեւոր հարցերի վերաբերյալ մտերմիկ զրույց իրենց հետ, տեխնոլոգիապես զարգացած այս դարում այդ զրույցը ձեւերը գտնել միշտ էլ հնարավոր է: Իսկ գաղտնի, գորշ կարդինալակերպ գործելակերպը անվստահություն է ծնում եւ սնում:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #144, 31-08-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ