ՆԱԻՐԱ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ
Օրեր առաջ Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հրավերով Հայաստան էր այցելել ռուս քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը: Քաղաքագետի ներկայացրած տեսակետները ինքնատիպ էին, երբեմն վիճելի, հետաքրքրական` հատկապես նրանց համար, ովքեր հակված չեն կարծատիպերով մտածելու: Թվում էր, թե լավ առիթ էր վեր բարձրանալու կենցաղային մտածելակերպից, փորձելու մեր երկրում կատարվող իրադարձությունները գնահատել աշխարհաքաղաքական եւ տնտեսական իրադարձությունների համատեքստում, հազվագյուտ հնարավորություն ինտելեկտուալ երկխոսության, բայց … չհաշված լրատվամիջոցներից մի քանիսի բարեխիղճ ու չեզոք տեղեկատվությունը, տարածվեց տարօրինակ եզրահանգումներով ռուսոֆոբիայի այնպիսի մի հզոր ալիք, կարծես Կուրղինյանը Հայաստան էր ժամանել ռուսական տանկերի ուղեկցությամբ: Բայց հանրության այդ հատվածին թողնենք իրենց խղճի հետ` հատկապես նրանց, ովքեր մի քանի տարվա ընթացքում աշխարհայացքային ահռելի տեղաշարժեր կատարեցին, եւ անդրադառնանք բուն նյութին:
Այսօր նրանք, ում համար աշխարհաքաղաքական շահեր հասկացողությունը սոսկ բառեր չեն, այլ մտածելակերպ, լավ են հասկանում, որ մեր տարածաշրջանում գերտերությունների շահերի բախման հետեւանքով է, որ մենք, եւ ոչ միայն մենք, ստիպված ենք ինտեգրման որեւէ ուղություն ընտրել: Ավելին, սառը պատերազմի ավարտից հետո ԱՊՀ բոլոր երկրները, այդ թվում եւ Ռուսաստանը, ինտեգրվեցին գաղափարական-տնտեսական միեւնույն` լիբերալ-դեմոկրատական համակարգի մեջ: Ինչպես անվանել համակարգը` գլոբալիզացվող աշխարհ, միաբեւեռ աշխարհ, Նորամերիկյան իմպերիա, թե մոնդալիզմ, ճաշակի հարց է եւ այս հոդվածի քննարկման շրջանակներից դուրս: Բայց պարզ է, որ այսօր Ռուսաստանը, որպես խոշոր աշխահաքաղաքական միավոր, փորձում է սառը պատերազմում պարտվելուց հետո վերագտնել իր կորցրածը, այդ թվում ե՛ւ աշխարհաքաղաքական կշիռը:
Իհարկե կան բացահայտ ճշմարտություններ, օրինակՙ ինտեգրացիոն գործընթացներում նախ եւ առաջ կարեւորվում են խոշոր միավորների շահերը, որոնց հետ պետք է հաշվի նստել, եւ բոլոր երկրները չեն, որ կարող են հանդես գալ որպես ուժի կենտրոններ, չունեն բավարար ռեսուրսներ առաջարկելու եւ իրականացնելու իրենց ինտեգրման ծրագրերը: Գուցե քաղաքագետի արտահայտած Ռուսական կայսրություն բառերն էին խոր հուզմունքի առաջացման պատճառը: Աշխարհն այսօր գնում է խոշորացման ճանապարհով, արդյոք սա անառարկելի փաստ չէ՞, արդյոք մենք Վեստֆալյան համակարգի փլուզման ականատեսը չե՞նք` «500 միլիոնից պակաս բնակչություն ունեցող ուժի կենտրոնները այսօր գոյատեւել չեն կարող… Ինչ է Եվրոմիությունը, եթե ոչ կայսրություն… աշխարհում տեղի է ունենում գեոկապիտալի եւ գեոտնտեսության միավորում», ասում է քաղաքագետը: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանը ունի հնարավորություն դուրս մնալու այս գործընթացներից, եւ այս պահին արդյոք չի՞ առաջնորդվում ֆինանսական, տնտեսական գաղափարական մեկ ընդհանուր համակարգի օրենքներով: Այս հարցերը կշռադատված պատասխաններ են պահանջում:
իսկ հիմա փորձենք հասկանալ մեկ այլ բան, որ եվրոպական եւ եվրասիական ինտեգրացիաները սոսկ տնտեսական ու քաղաքական հետաքրքրությունների շրջանակներով սահմանափակվող ընտրություններ չեն, դրանք նաեւ աշխարհայացքային եւ քաղաքակրթական ընտրություններ են: Եթե մենք ընդունել ենք եվրոպական արժեքները եւ համաձայն ենք, որ դա միակ համամարդկային արժեքային համակարգն է, ուրեմն պետք է ընդունենք ողջ փաթեթեով` ինցեստի, միասեռականների, յուվենալ արդարադատության, թեթեւ նարկոտիկների օգտագործման օրինականացման մասին օրենքներով, որովհետեւ դրանք խիստ փոխկապակցված հարցեր են: Ընդ որում «կապրենք բարեկեցիկ ինչպես Եվրոպայում» թեզն էլ ժամանակն է վերանայելու: Այսօր դրա ճշմարտությունը կասկածի տակ դնող արեւմտյան մտածողների բազմաթիվ հետաքրքրական տեսություններ ու վերլուծություններ կան, եւ ի վերջո կա իրականությունը, որը պետք է գնահատել սթափ եւ առանց ինքներս մեզ խաբելու, եւ «իշխանությունները լավը չեն» պնդումից բացի վեր հանել այն օբյեկտիվ գործոնները, որոնք ընդհանուր են բազմաթիվ այլ երկրների համար եւ համակարգային բնույթ ունեն: Այս ամենը կրկին վերաիմաստավորելու համար էլ կարեւոր էին Կուրղինյանի վերլուծություններ, ընդամենը վերլուծությունները, որոնց ժամանակ քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ Ռուսաստանում էլ դեռ հստակ չեն պատկերացնում երկրի հետագա զարգացման ուղին:
«Դասական Եվրոպան, որով հիանում էինք, այլեւս չկա, մոդեռնը ավարտվեց, եւ Եվրոպան գնում է այլ ճանապարհով: Ռուսաստանը Եվրոպայում անելիք չունի, աշխարհը սպասում է նոր խոսքի, եւ այդ խոսքը գալու է Ռուսաստանից` բոլոր նրանց համար ովքեր սպասում են, հավատում են ու կմիանան այդ ծրագի իրականացմանը: Ժամանակը անցավ եւ այդպես էլ իրականություն չդարձան ազգային վերածննդի գաղափարները: Հզոր, անկախ պետությունների փոխարեն այսօր ունենք քիչ թե շատ հարմարավետ գոյությամբ քաղքենիական հասարակություններ, ազգային գաղափարը շահարկելու արդյունքում հարստացած էլիտա, աղքատ ժողովուրդ, աճող արտագաղթ եւ անելանելիության զգացում»: Եթե քաղաքագետի արտահայտած այս մտքերը սխալ են, ես կուզեի լսել ճշմարտությունը:
Իսկ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում ինչպիսի ճանապարհ ընտրելՙ փոխադարձ շահեր, թե՞ եղբայրական հարաբերությունները` «ընտրությունը ձերն է»-, ավարտեց քաղաքագետը:
Եվ վերջինըՙ մի փոքրիկ դիտարկում հոդվածագրի կողմից` գազի գնի «ոչ եղբայրական բարձրացման» վերաբերյալ: Բոլոր նրանք, ովքեր լսել են Մարքս, կապիտալիզմ, հավելյալ շահույթ բառերը… թող ասեն մեկ հայ օլիգարխի կամ մանր խանութպանի անուն, որը մարդասիրության տենդի մեջ հանկարծ հայտարարել է, որ, չնայած համաշխարհային միտումներին, հրաժարվում է իր շահույթից ու ձեթի կամ պանրի գինը այլեւս երբեք չի բարձրացնելու` հանուն իր ժողովրդի, հանուն արտագաղթի կասեցման, հանուն իր հայրենիքի կայացման, հատկապես որ կուտակածը արդեն բավարար է մի քանի սերունդ կուշտ ապրելու համար… դե ռուսն էլ հային ավելի լավ եղբայր չեղա՞վ, քան հայը` հային: