Կանբերրայի կողմից չեղարկված սուզանավերի պայմանագրի հետ կապված իրավիճակը խոսում է ԱՄՆ-ի և Ավստրալիայի հետ Փարիզի հարաբերությունների ճգնաժամի մասին, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Այն փաստը, որ Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ մենք խորհրդակցությունների ենք կանչում մեր դեսպանին, լուրջ քաղաքական ակտ է, որը ցույց է տալիս ճգնաժամի ուժգնությունն այսօր մեր երկու երկրների, ինչպես նաև Ավստրալիայի միջև», – ասել է նա France 2 հեռուստաալիքի եթերում:
Նրա խոսքով՝ պայմանագրի խզման հետ կապված իրավիճակում կար «երկերեսանիություն, արհամարհանք և սուտ»:
Միևնույն ժամանակ, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էմիլի Հորնը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը սերտ կապեր է պահպանում Ֆրանսիայի իշխանությունների հետ և մտադիր է առաջիկա օրերը տրամադրել տարաձայնությունների լուծմանը: