Չորեքշաբթի, 5 Օգոստոս, 2026

Ստոլտենբերգը նշել է Աֆղանստանի անկման պատճառը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը New York Times-ին տված հարցազրույցում ասել է, որ Աֆղանստանը թալիբների ձեռքն է ընկել երկրի իշխանությունների փլուզման արդյունքում:

«Մենք ականատես եղանք քաղաքական և ռազմական ղեկավարության փլուզմանը, որը հետագայում հանգեցրեց թալիբների դեմ ամբողջ պաշտպանության փլուզմանը», – ասել է նա:

Միևնույն ժամանակ Ստոլտենբերգը նշել է, որ հարցը, արդյոք ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումն արագացրեց Աֆղանստանի անկումը, պետք է պարզեն հետազոտողները: «Ինձ համար գլխավոր խնդիրն է պահպանել ահաբեկչության դեմ պայքարում ձեռքբերումները և մարդկանց դուրս բերել Աֆղանստանից», – հավելել է գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգը նշել է, որ ինքն անձամբ «կոտրված սրտով է հետևում թալիբների վերադարձին»: Գլխավոր քարտուղարը նշել է, որ արևմտյան միջամտության ձախողումը պետք է հիշեցում լինի, որ ռազմական ուժի կիրառմանն ու այլ երկրներում գործողություններին պետք է շատ լուրջ վերաբերվել: