Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի եւ իրավունքների համար է.ՄԻՊ
Մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել, որ ինքնին նրանց ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժման եւ միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Դա կոպիտ սխալ է:
Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը եւ չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից:
Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից եւ ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել նաեւ մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այլն):
Մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել, որ ինքնին նրանց ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժման եւ միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է:
Դա մեր պետությանը, Կառավարությանը հնարավորություն կտա լայնորեն օգտվել մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները եւ նաեւ այդ կերպ ուժեղացնել քաղաքական ու ռազմական բաղադրիչները:
Դա հնարավորություն կտա նաեւ պաշտպանել մեր զինծառայողների կյանքի իրավունքը:
Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի եւ իրավունքների համար է»,- գրել է Թաթոյանը։
