«Թալիբան» արմատական շարժման կողմնակիցների վերահսկողության տակ են անցել որոշ ռազմական ինքնաթիռներ, ուղղաթիռներ և հրթիռներ, ինչը մտահոգություն է առաջացնում ԱՄՆ ղեկավարության շրջանում: Այդ մասին հայտարարել է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուր:
Վերջինիս համաձայն, տեխնիկայի ու զենքի քանակությունն աննշան է, սակայն իրավիճակը, այնուամենայնիվ, անհանգստացնում է ամերիկացի զինվորականներին: Նրա խոսքով, մինչ օրս որոշում չի կայացվել, թե ինչպես վարվել այդ զենքերի հետ: Միևնույն ժամանակ, ըստ հեռուստաալիքի, թալիբները կդժվարանան օգտագործել ինքնաթիռներն ու ուղղաթիռները փորձառու օդաչուների բացակայության և տեխնիկական սպասարկման անկարողության պատճառով:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ԱՄՆ ղեկավարությունը սպասում է Աֆղանստանից տարհանման ավարտին, որպեսզի որոշում կայացնի «Թալիբան»-ի ձեռքում հայտնված զենքի և տեխնիկայի ոչնչացման գործողությունների վերաբերյալ: Դիտարկվում է այդ թվում պահեստների ուղղությամբ օդային հարվածների հավանականությունը:







