Թրամփը խոստացել է, որ հաջորդ ընտրարշավի ծրագրերը «կուրախացնեն ամերիկացիներին»
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող բացահայտել 2024 թվականի նախընտրական արշավի ծրագրերը, սակայն դրանք, ըստ Թրամփի, «կուրախացնեն ամերիկացիներին»:
«Քանի որ քարոզարշավի ֆինանսավորման օրենքները բարդ են և աներևակայելի հիմար, ես իրավունք չունեմ հրապարակել քարոզարշավի ծրագրերը: Բայց թույլ տվեք այսպես ասել. դուք երջանիկ կլինեք, մեր բազմաթիվ ընկերներ երջանիկ կլինեն», ասել է Թրամփը FoxNews-ին տված հարցազրույցում: Այսպիսով, հանրապետականը մեկնաբանել է այն հարցը, արդյոք նախատեսում է մասնակցել 2024 թ․ ԱՄՆ նախագահական ընտրություններին:
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ արդեն որոշում է կայացրել գալիք ընտրություններին հնարավոր մասնակցության վերաբերյալ: Նա միաժամանակ վստահություն էր հայտնել, որ հանրապետական թեկնածու կհաղթի ԱՄՆ-ի ղեկավարի ընտրություններում 2024 թվականին:
