Կորեայի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները երկար խորհրդակցություններից հետո որոշել են օգոստոսի 16-26-ը անցկացնել ամենամյա ամառային համատեղ զորավարժություններ՝ չնայած դրանք չեղարկելու ԿԺԴՀ-ի կոչին: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալությունն ու հարավկորեական ռազմական աղբյուրներ:
«Առաջիկա զորավարժություններին զորակազմի նվազագույն քանակ կներգրավվի, նրանք կլինեն ավելի քիչ, քան նախորդ գարնանային զորավարժությունների ժամանակ», մեջբերվում են աղբյուրները:
Մինչև զորավարժությունների մեկնարկը Կորեայի Հանրապետությունում այս շաբաթ կանցկացվի քառօրյա փորձ՝ անսպասելի արտակարգ իրավիճակներին արձագանքելու երկու երկրների զինվորականների պատրաստակամությունը ստուգելու համար: