Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Նաիրի Հոխիկյանը ցուցմունք է տվել Փաշինյանի դեմ, ինչո՞ւ մինչև հիմա նա չի հարցաքննվել, ինչո՞ւ դատական գործ չի հարուցվում. Արթուր Ղազինյան

«Փաշինյանը փորձելու է խորհրդարանական իր հռետորաբանության մեջ 650.000 բնակիչներին, որոնք պայմանականորեն իրեն ձայն են տվել,  սարքել իրեն հանցակից, պաշտպանության վահան»,- «ՀՀ քաղաքական և իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշել է  «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Արթուր Ղազինյանը:

Նա իրավապահներին հիշեցրել է, որ երեկ Նաիրի Հոխիկյանը հանդես եկավ ելույթով,՝  ցուցմունք տալով Նիկոլ Փաշինյանի դեմ, որ նա ու իր թիմը  դավաճանությամբ հանձնել են Արցախը:

«Այստեղ գործ ունենք կոնկրետ անձի հետ, որը հիմնավորված ներկայացրեց Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի ծրագիրը, որը մշակված է եղել դեռևս 2019 թվականին:

Եթե դատախազությունը դեռ գործում է սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություների շրջանակում, պետք է հարցաքննի Նաիրի Հոխիկյանին, որի ելույթում առնվազն 5 հաղորդում է ներկայացված հանցագործության մասին, ու ոչ մի դատական գործ չի հարուցվել»,- նկատել է Արթուր Ղազինյանը:

Նա հիշել է դատախազի այն  հայտարարությունը, որն ասում էր՝ տվեք ինձ փաստ, և ես դատական գործ կհարուցեմ:

«Փաստը  տրված է, խնդրում ու պահանջում եմ դատախազին՝  կատարել իր խոստումը՝ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Փաշինյանին հիշեցնեմ՝ պետական դավաճանությունը չունի վաղեմության ժամկետ և ամրագրված է «Քրեական օրենսգրքում»,- հայտարարել է Արթուր Ղազինյանը: