Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի երկրորդ խաղային օրը ուժերը չափեցին Նիդերլանդների և Չեխիայի ազգային հավաքականները։ Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» կայացած խաղն ավարտվեց չեխերի հաղթանակով՝ 2։0։
Համեմատաբար հավասար պայքարում ընթացած առաջին խաղակեսում երկրպագուները գոլեր չտեսան։ Երկրորդ խաղակեսը թիմերն ավելի աշխույժ սկսեցին։ Ընդմիջումից 7 րոպե անց Նիդերլանդների ընտրանին կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն հիանալի անցումից հետո դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս եկած Դանիել Մալենը փորձեց շրջանցել նաև չեխ դարպասապահ Տոմաշ Վացլիկին, սակայն վերջինս գործեց հստակ և կարողացավ որսալ գնդակը։
Մի քանի րոպե անց չեխերը ձեռնարկեցին վտանգավոր հակագրոհ, որը վերջին հույսի խախտմամբ ընդհատեց նիդերլանդցի պաշտպան Մատեյս դե Լիգտը. «Յուվենտուսի» ֆուտբոլիստը ձեռքով պահեց գնդակը, որից հետո գլխավոր մրցավարը նախ նրան ցույց տվեց դեղին քարտ, այնուհետև դրվագի կրկնապատկերը VAR համակարգով դիտելուց հետո փոխեց որոշումը և կարմիր քարտով հեռացրեց նրան խաղադաշտից։
Չեխիայի հավաքականը քանակական առավելություն ստանալուց հետո նետվեց առաջ, ինչը տվեց իր արդյունքը։ 68-րդ րոպեին տուգանայինի իրացումից հետո երկրորդ հարկում հաղթող դուրս եկած Տոմաշ Կալասը փոխանցում կատարեց Տոմաշ Հոլեշին, որն էլ գլխի շեշտակի հարվածով բացեց խաղի հաշիվը։
Հանդիպման վերջակետը դրեց Պատրիկ Շիկը, որը 80-րդ րոպեին երկրորդ գնդակն ուղարկեց «նարջնագույնների» դարպասը։
Հարկ է ընդգծել, որ նիդերլանդցիներն ամբողջ խաղում այդպես էլ դիպուկ հարված չկատարեցին դապասին։
Այսպիսով, Չեխիայի հավաքականը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Դանիայի ընտրանուն։