ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համար զարմանալի չէ Նիկոլ Փաշինյանի տված բնորոշումը գիտական էլիտային։
«Նիկոլ Փաշինյանը և իր անփառունակ կառավարությունը երեք տարի շարունակ հետևողականորեն թիրախավորել և հարձակումներ են գործում տարատեսակ արժեքային համակարգերի վրա՝ եկեղեցու, հերոսների, ընտանիքի, և, բնականաբար, գիտնականները և գիտական համայնքը չէր կարող այդ ամենից անմասն մնալ։ Եթե Փաշինյանն իր իշխանության ներկայացուցիչների հետ միասին հաստատում էին Լանզարոտեի կոնվենցիան, հարվածում էին ավանդական ընտանեկան արժեքներին, հայտարարում էին, որ պետք է ծնկի բերեն հոգևորականներին, այն պարագայում, երբ հայ քրիստոնյան է ծնկի գալիս հայ հոգևորականի առջև, այլ ոչ թե ծնկի է բերում։ Այս ամենի համատեքստում բնական է, որ գիտնականներն այս շարքում պետք է դասվեին և ինչ-որ առումով սա օրինաչափ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անգրագիտության հերթական նոպայի շրջանակներում ինչ-որ տարանջատում է անում՝ խոստանալով էլիտայից դուրս մղել գիտնականներին՝ չհասկանալով, որ գիտնականը, ինքին գիտությունը էլիտար մասնագիտություն է, և բոլոր գիտնականները, ովքեր գիտնական կոչվելու իրավունք ունեն, արդեն իսկ էլիտա են։
«Մենք շատ լավ գիտենք, թե Նիկոլ Փաշինյանի թիրախն ովքեր են՝ չհարմարվող գիտնականներն են, որոնք չեն ընդունում Փաշինյանի իշխանության պետականաքանդ գործունեությունը, ընդվզում են իրենց հայտարություններով, քայլերով։ Հետևաբար՝ Փաշինյանը գիտական էլիտա ասելով՝ նկատի ունի այն բոլոր ընդդիմադիր գիտնականներին, որոնք համարձակություն ունեն քննադատելու թրքամետ այս իշխանություններին։ Իհարկե, նա գիտնականների հասցեին նաև վիրավորական արտահայտություններ թույլ տվեց, նրանց անվանելով միմոսներ։ Ուղղակի ծիծաղելի է՝ չագուճօղլի միմոսը ուրիշներին փորձում է անվանել այն, ինչին հենց ինքն է արժանի։ Ուղղակի խեղկատակի պահվածքով, մուրճը ձեռքն առած, ոչ ադեկվատ մի անձնավորություն, որը փոխանակ կարողանար մեր արտաքին սպառնալիքները չեզոքացներ և իր մեջ համարձակություն գտներ Ալիևին պատասխանելու, նա թիրախավորում է միայն հայ գիտնականին, գեներալին, զինվորականին և առհասարակ հայերին։ Այսինք՝ նա անում է այն, ինչ կարողանում է անել թշնամին՝ թիրախավորելով միայն հայերին և տարբեր ոլորտների ներկայացուցիչների»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա, տեղյակ չէ, թե գիտական հանրությունն այս ամենի վերաբերյալ ինչ կարծիք ունի, և դժվար էլ հայտնի լինի ամբողջական, որովհետև այս տարիների ընթացքում տեսել են հարմարվողական գիտնականների, որոնց ոչ միասնականությունը նաև հանգեցրեց այս պատկերին, որն այսօր ստեղծվել է Հայաստանում։
«Նույն ԵՊՀ գիտխորհրդում մարդիկ խուսափում կամ վախենում էին քննադատել այս իշխանությունների ակնհայտ թուրքանպաստ քայլերը։ Ինքս բախվել եմ այդ երևույթի հետ, երբ ԵՊՀ գիտխորհրդում առաջարկեցի հայագիտական առարկաները ֆիքսել որպես գերակայություն, և շատ դոկտորներ, ակադեմիկոսներ ուղղակի հարմարվողականությունից ելնելով՝ չհամաձայնեցին իմ առաջարկին՝ փորձելով դուր գալ այս իշխանություններին։ Գիտնականների առողջ հատվածը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Նիկոլ Փաշինյանը և իր իշխանություններն ուղղակի պատուհաս են, պետականաքանդ խմբակ են, որոնք փորձում են շարունակել իրենց գործունեությունը։ Հայ գիտնականին, հայ հոգևորականին թիրախավորել են միայն օտարազգի նվաճողը՝ թուրքը, մոնղոլը, հիմա մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այդ նույն մարդկանց, նույն շրջանակներին թիրախավորել են ՀՀ իշխանությունները, որոնք, բնականաբար, իրենց մտածողությամբ չեն տարբերվում օտարերկրյա ասպատակիչի մտածողությունից»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հայտարարել էր, թե այն գիտնականները, որոնք ծառայել են նախկիններին՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վռնդվելու են գիտական էլիտայից։
«Զինվորն իր հետևում պետք է զգա ոչ միայն ժողովրդի, այլև տնտեսության, արդյունաբերության, գիտության, կրթության ուժը։ Մենք հսկայական փոփոխություն ենք անում գիտության բնագավառում, և ասում եմ՝ այո, Հայաստանում ձևավորվելու է նոր գիտական էլիտա։ Այն երիտասարդությունը, որն էներգիայով լի է, ուզում է երկրին ծառայել, մենք այդ երիտասարդ գիտնականների համար ստեղծելու ենք բոլոր պայմանները։ Նաև ավագ սերնդի գիտնականների համար, ովքեր իրոք ծառայում են գիտությանը, ոչ թե կոռումպացված համակարգերին, նրանք, ովքեր իսկապես գիտնական են, ոչ թե եղել են Ռոբերտի կամ Սերժի նախընտրական քարոզարշավի միմոսներ։
Այդ նախընտրական քարոզարշավի միմոսներին մենք վռնդելու ենք գիտական էլիտայից, ուղարկելու ենք իրենց տները, թող գնան՝ իրենց թոռներով զբաղվեն։ Իրենք այլևս այս ժողովրդի առջև կանգնելու իրավունք չունեն, որովհետև նրանք գիտությամբ զբաղվելու փոխարեն՝ զբաղվել են կոռումպացված համակարգը ժողովրդից պաշտպանելու, ժողովրդին պատկանող իշխանությունը բռնազավթելու»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am