Հարձակումը Բաղդադի միջազգային օդանավակայանի վրա իրականացվել է երեք անօդաչու թռչող սարքերի միջոցով: Այս մասին ասված է Իրաքի անվտանգության վարչության մամուլի ծառայության հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, որի բովանդակությունը հաղորդել է «Ալ Սումարիա» հեռուստաալիքը: Հայտարարության մեջ նշված է նաև, որ «[իրաքյան] անվտանգության ուժերը վճռականորեն կհետապնդեն յուրաքանչյուրին, ում մտքով կանցնի խախտել երկրի անվտանգությունը և վտանգել իրաքյան հասարակության կայունությունը»:
Չորեքշաբթի երեկոյան Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանը գնդակոծության էր ենթարկվել: Ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, հարվածը հասցվել է Վիկտորիա ռազմական ճամբարին, որտեղ գտնվում են ամերիկացի զինծառայողներ: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Բացի այդ, առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի ռազմաօդային ուժերի Բալադ բազայում: