Այժմ իրավիճակը ծանրագույն է։ Չգիտեմ՝ վարչապետի պաշտոնակատարն ինչից է գոհ կամ դժգոհ, բայց փաստ է, որ նրանց քաղաքականության արդյունքում ադրբեջանցիները ՀՀ տարածք են մտել և բոլորիս շանտաժի են ենթարկում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գոհ է միջազգային գործընկերների արձագանքից։
Պատգամավորի խոսքով բոլոր այն գործողությունները, որոնք իշխանությունն այսօր փորձում է ներկայացնել որպես խնդրի հանգուցալուծման եղանակներ, դրանցով ոչ թե չեզոքացնում է սպասվող վտանգը, այլ տասնապատկում այն։
«Ադրբեջանցիները մտել են մեր տարածք, ի՞նչ է անում իշխանությունը։ Լավ եկեք գրոտեսկով նայենք, եթե նույն հաջողությամբ գալիս, հասնում են Երևան, ի՞նչ են անելու, էլի բանակցելու ե՞ն։ Միջազգային հանրությունն էլ ասում է, որ ադրբեջանցիները պետք է դուրս գան, բայց նրանք եկել են զորքով, որ պատերազմ լինի, իսկ մենք կյանքեր ենք փրկում»,-նշեց Արման Աբովյանը՝ նկատելով, որ պետք է հստակ գիտակցել՝ «կյանքեր փրկելու» թեզն ամենավտանգավորն է, քանի որ դա ավելի ու ավելի է մոտեցնում նոր պատերազմի հնարավորությունը.
«Նրանք պարզապես պատերազմը բերում են մեր տուն»։
Արման Աբովյանը նկատեց՝ իշխանություններն այսօր բերում են սահմանազատման ու սահմանագծման անհասկանալի փաստաթղթեր, որոնց համաձայնելն այս պարագայում խստագույնս կծանրացնի ՀՀ-ի և ԱՀ-ի վիճակը։ Պատգամավորի խոսքով հանրությունն իշխանությանը չի վստահում, քանի որ իրարամերժ հայտարարություններն այն վիճակի են հասցրել, որ նույնիսկ եթե նրանք լավ բան են ասում, միևնույն է ժողովուրդը լարվում է։
«Սկզբում ասում էին՝ Սյունիքում խնդիր չկա, իսկ նրանք խնդիր չէ՞ին տեսնում, որ օտար երկրի զինված ուժերը վերահսկում են Սյունիքի մարզում Կապան-Գորիս ճանապարհահատվածը, որը հանդիսանում է ՀՀ-ի հարավային կարևորագույն ճանապարհը։ Նրանք համարում են, որ դա անվտա՞նգ է»,-ասաց պատգամավորը՝ իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ տալով հանրության հետ պարզ ու շիտակ լինել։
Արման Աբովյանը գտնում է, որ գործող իշխանությունները հստակ պատասխան պետք է տան՝ արդյոք դիտարկում են ՀՀ-ից որոշ գյուղեր հանձնել Ադրբեջանին, թե ոչ, այլ ոչ թե երկար ու բարակ սահմանազատման և սահմանագծման մասին խոսեն։
«ՀՀ-ին ձեռք չի տալիս, որ այս իշխանությունը շարունակի կործանարար, ամբարտավան քաղաքականությունը։ Աբսուրդ է ուղղակի, նայում են երեսիդ ու ասում՝ անվտանգ է։ Թուրքը մտել է հայկական գյուղ, իրենք ասում են՝ անվտանգ է։ Ի՞նչն է անվտանգ, պետք է 10 հոգի մարդ խփե՞ն, որ վտանգավոր լինի։ Այն ժամանակ էլ կասեն՝ այ-այ-այ, տեսա՞ք ինչ եղավ»,-հավելեց Արման Աբովյանը։
Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և՛ կառավարության նիստի, և՛ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ գոհ է միջազգային գործընկերների արձագանքից, քանի որ ըստ էության բոլորն այն կարծիքին են, որ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից։ Սակայն նկատենք, որ արդեն 9 օր է, ինչ ադրբեջանցիները հատել են ՀՀ սահմանը և ոչ միայն չեն վերադարձել իրենց ելման դիրքեր, այլև օրեցօր շարունակում են առաջանալ։ Կրկնապատկվում ու եռապատկվում է նաև ադրբեջանցի զինվորականների թիվը, ինչն ակնհայտ լարվածություն է ստեղծում սահմանամերձ բնակավայրերում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով սահմանի ամբողջ երկայնքով նաև ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորների միջև և այս պարագայում անհասկանալի է՝ հատկապես ինչն է գոհացնում ՀՀ գործող իշխանություններին։



