ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզմունք է հայտնել, որ ամերիկյան ղեկավարությունը կկարողանա Կոնգրեսում համաձայնության գալ հանրապետականների հետ ազգային ենթակառուցվածքների արդիականացման նախագծի պայմանների շուրջ: Համապատասխան հայտարարությունը նա արել է MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բարձրագույն օրենսդիր մարմնի հանրապետականները դեմ են արտահայտվում Բայդենի առաջարկած ենթակառուցվածքային նախագծին, քանի որ դրա ֆինանսավորումը նախատեսում է հարկային բեռի ավելացում: «Մենք դրա համար վճարելու կարողություն ունենք ՝ առանց ամբողջ բեռը գցելու աշխատավոր և միջին խավի ուսերին», հավաստիացրել է Բայդենը ՝ նշելով, որ, իր կարծիքով, «գործարքին հնարավոր կլինի հասնել»:
«Ես կցանկանայի հասկացնել, որ ձգտում եմ երկկուսակցական գործարքի, որը կընդգրկի ամենամեծ թվով գործոններ, որոնց շուրջ կարող ենք պայմանավորվել: Սա ներառում է ճանապարհները, կամուրջները, լայնաշերտ ինտերնետը, բոլոր ենթակառուցվածքները», ասել է Բայդենը: