ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երեւանի եւ մարզերի տարածքային ստորաբաժանումներն օգոստոսի 6-ին շարունակել են մշտադիտարկման աշխատանքները հանրապետության մարզերում և մայրաքաղաքում:
«Մարզային ստուգայցերն այսօր իրականացվել են, մասնավորապես, Աղվերանում, Սևանում, Նոյեմբերյանում, Իջևանում, Վանաձորում և Գորիսում: Մի շարք տնտեսավարողների մոտ խախտումներ են արձանագրվել՝ կապված ջերմաչափման, ախտահանման մատյանների վարման հետ, առկա չեն եղել դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ, բացակայել են իրազեկման պաստառները: Նշված խնդիրները գրանցվել են նաև Գորիսում գործող մի շարք հյուրանոցներում: Տեսչականի մասնագետների կազմած կասեցման արձանագրությունները կուղարկվեն պարետին:
Մյուս մարզերում տեսչական դիտարկումներն առանձնակի խախտումներ չեն արձանագրել: Հիմնական թերությունները եղել են տեղում շտկման ենթակա, ինչի վերաբերյալ տնտեսավարողներին տրվել է խորհրդատվություն և դրանք վերացնելու ցուցում։
ԱԱՏՄ մասնագետներն այսօր դիտարկումներ են անցկացրել նաև երևանում, մասնավորապես, սպորտային խոշոր համալիրում։ Բողոքի հիման վրա դիտարկվել է նաև բանկերից մեկի մասնաճյուղը: Կոպիտ և համակցված խախտումների դեպքում կազմվում են արձանագրություններ և ուղարկվում պարետատուն:
ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերն ամենուր եւ ամեն օր՝ զուգահեռ իրականացնելով նաև իրազեկման աշխատանքներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կարևորության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։