Ստեփանակերտում կառուցվող բազմահարկ շենքերի բնակարանները, որոնք մինչ պատերազմը նախատեսված էր քաղաքացիներին տրամադրել հիփոթեքային վարկավորմամբ, իրավիճակից ելնելով, նախատեսվում է հատկացնել արցախյան երրորդ պատերազմի ընթացքում զոհված և առաջին կարգի զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին, ինչպես նաև Շուշի և Հադրութ համայնքների բնակիչներին:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ԱՀ պետական, համայնքային, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող գույքին պատերազմի հետևանքով հասցված վնասների հաշվառման և գնահատման հանրապետական հանձնաժողով»-ի, ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Նա տեղեկացրել է, որ Ստեփանակերտում, Ասկերանում և Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքներում սկսված է 388 բնակարաններով բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքները: Դրանք նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա դեկտեմբերին: «Բացի դրանից, նախատեսվում է կառուցել բազմաբնակարան նոր շենքեր, որոնց շահագործումը կլինի 2022-2023 թվականներին: Աշխատանքներն իրականացվելու են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով: Ի դեպ, ԱՀ նախագահի հանձնարարությամբ նոր բնակավայրերի ներքին կահավորման գործընթացը կիրականացվի նույնպես կոմիտեի միջոցով: Այս պահին ունենք ավելի քան 20 կազմակերպություններ, որոնք նախապես գրանցվել են և մոտ ժամանակներս կկնքվեն համապատասխան պայմանագրեր»,- ավելացրել է Կ. Շահրամանյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ նոր շենքերն ու բնակավայրերը ամբողջովին համապատասխանելու են ժամանակակից պահանջներին: Գլխավոր հատակագծում նախատեսվում են բոլոր ենթակառուցվածքները: Հաշվի են առնված բոլոր պահանջները։