Շաբաթ, 25 Հուլիս, 2026

«Հակաչարիքային կոալիցիա»` ի դեմս ՀՀԿ-ի ու «Հայրենիքի»

Պատմության մեջ կան տարբեր օրինակներ, թե ինչպես են հակաչարիքային կոալիցիաները աշխատել: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` նշելով, որ կան օրինակներ, երբ տարբեր ազգերի բանակները միավորվել են չարիք համարվող Նապոլեոնի դեմ և միասնական կռիվ տվել` Վատերլոյում:

«Կա օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունից, երբ խորհրդային բանակը իր վրա էր վերցրել հիմնական հարվածը, իսկ հետո դաշնակիցները բացեցին երկրորդ ճակատը: Կարծում եմ` սա ավելի շատ տակտիկայի, քան ստրատեգիայի հարց էր:

Տակտիկական առումով մենք կարող ենք ունենալ տարբեր լուծումներ և մի գուցե ստեղծված իրավիճակում այդ լուծումներից մեկը լինի ամենաընդունելի, նորմալ և բնական, իսկ ստրատեգիական առումով, ես մեծապես հույս ունեմ, որ բոլոր ընդդիմադիր ուժերը որոնք հայտ են ներկայացրել մինչև Հանրապետական կուսակցության այսօրվա հայտը մասնակցելու ընտրարշավին, ստրատեգիական նպատակ ունեն գահընկեց անելու դավադիր կապիտուլյանտին և այդ նպատակի համար չեն խնայի ջանք, միջոց և ինտելեկտ»,- նշեց Աշոտյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ՀՀԿ-ն հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին` «Հայրենիք» կուսակցության հետ քաղաքական դաշինք կազմելով:

Աղբյուր` Փաստինֆո