Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Զելենսկի․ Միայն ՆԱՏՕ-ին անդամակցելը կարող է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը

«Միայն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կարող է երաշխավորել երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն», Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս կարծիքը հայտնել է շաբաթ օրը բրիտանական The Daily Telegraph թերթում տպագրված հարցազրույցում:

Զելենսկին ուրբաթ օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ այս թեման քննարկելուց հետո ասել է, որ ինքը դեռ սպասում է հստակության, թե երբ ՆԱՏՕ-ն կկարողանա Կիևին տրամադրել գործողությունների ծրագիր՝ դաշինքին անդամակցությանը նախապատրաստվելու համար:

Ինչպես նշում է հրատարակությունը, Ուկրաինայի ղեկավարը հաստատել է իր աջակցությունը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի միջև հանդիպում անցկացնելու գաղափարին: Զելենսկին ակնկալում է, որ Բայդենը գագաթաժողովում կհայտարարի «Դոնբասում պատերազմը դադարեցնելու կառուցողական բանակցությունների անհրաժեշտության մասին»: