Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել է Դոնբասում առկա հակամարտությունը, Ալեքսեյ Նավալնիի, Սիրիայի, Լիբիայի և Բոսնիա և Հերցեգովինայի հետ կապված իրավիճակը: Այդ մասին հայտնում է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:
«Զրույցի թեման այդ թվում Ռուսաստանի ռազմական ներկայության ավելացումն էր Ուկրաինայի արևելքում: Իրավիճակի լիցքաթափման հասնելու համար կանցլերը պահանջեց հրաժարվել զորքերի այդ ուժեղացումից», ասել է Դեմմերը:
Ինչպես հինգշաբթի օրը հաղորդել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում Պուտինն ու Մերկելը մտահոգություն են հայտնել Դոնբասում լարվածության աճի կապակցությամբ: Ռուսաստանի առաջնորդը «ուշադրություն է հրավիրել Կիևի սադրիչ գործողությունների վրա, որոնք վերջին շրջանում նպատակասլաց կերպով սրում են իրավիճակը շփման գծում»: