Մինչ մենք ենթադրությունների ու այլ երկրների նկատմամբ նախասիրությունների հիման վրա խոսում ենք արցախյան հակամարտության ու պատերազմի արտաքին մեղավորների մասին, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ԱՄՆ ներկայացուցիչ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը բացահայտումներ է անում ներքին խոհանոցից։
2017-ին պաշտոնավարած դիվանագետը խոսել է «Մադրիդյան սկզբունքների» ու «Լավրովի պլանի» մանրամասներից՝ բացահայտելով նաև ռուս գործընկերների հետ իր խոսակցությունը։
Հոգլանդը գրում է․ «Ես հարցրի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին. արդյո՞ք Կրեմլը իսկապես կհամաձայնի իրականացնել «Լավրովի պլանը», եթե Երևանն ու Բաքուն ընդունեն այն: Նրա անկեղծ պատասխանն էր. «Իհարկե, ոչ»:
«Լավրովի պլանը» առաջարկում էր Ադրբեջանին հանձնել Արցախի ազատագրված շրջաններից առնվազն 5-ը, հետո՝ ևս 2-ը։ Դա մեզ ձեռնտու տարբերակ չէր, և ահա, ամերիկացի համանախագահն այս նախադասությամբ փաստացի ապացուցում է, որ Ռուսաստանին ձեռնտու էր այն վիճակը, ինչ կար մինչև պատերազմը, և բոլոր առաջարկները սոսկ արարողակարգային փաստաթղթեր էին, որոնք կյանքի չէին կոչվում։
Իսկ ահա անգլոսաքսոնական ուժերին պետք էր մտնել Արցախի տարածք և թուրքական բանակի միջոցով ապահովել Իրանի շրջափակումը հյուսիսից։