Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ներսիսյան դպրոցից հետո

03/04/2021
- Ազգային, Մշակույթ

1886 թվականի աշնանը Թումանյանը Թիֆլիս վերադառնալուց հետո սկսում է հաճախել քաղաքային գրադարան-ընթերցարան՝ երազելով բարձրագույն դպրոցում ուսումը շարունակելու մասին: Ըստ երևույթին, այդ ուղղությամբ արված փորձերը արդյունք չեն տալիս:

Հակառակ սովորելու իր բուռն ցանկությանը, անորոշ վիճակում հայտնված  Թումանյանը  ստիպված է լինում շատ կարճ ժամանակով աշխատել խանութներից մեկում: Այդ շրջանում միառժամանակ նա նաև մասնավոր ուսուցչի պարտականություններ է ստանձնում ոմն «բազազ-աղի» ընտանիքում:

Դպրոցը թողնելուց հետո Թումանյանը շարունակում է հանդիպումներ ունենալ գրասեր երիտասարդների մի փոքրիկ խմբի հետ, որի հիմնական անդամները լոռեցիներ էին. նրանք էին՝ Անուշավան Աբովյանը, Տիգրան Վերանյանը (Վրեն Տաշրեցի), Եգոր Խարազյանը:

1887 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Թումանյանը մամուլում հանդես է գալիս գրական իր առաջին ելութներով՝ ողողելով «Նոր-Դար»-ի և «Մշակ»-ի էջերը մի շարք անեկդոտներով՝ լոռեցիների կյանքից:

 Նույն այդ շրջանում Թումանյանը, հակառակ իր հակումներին, ստանձնում է գրագրի պաշտոն Թիֆլիսի հայոց կոնսիստորիայում միայն այն ակնկալությամբ, որ ստացած նվազագույն աշխատավարձով (ամսական 16 ռ. 66 կ.) կհոգա իր առօրյա կարիքները, հնարավորություն կունենա գրականությամբ զբաղվելու և հետագայում ուսումը շարունակելու:

Չնայած մեքենայական-հոգեսպան աշխատանքին՝ պաշտոնավարությունը կոնսիստորիայում հնարավորություն է տալիս Թումանյանին ծանոթանալու ամենատարբեր հարցերով այդ հիմնարկն այցելող հասարակության ներկայացուցիչների կյանքի պայմաներին, առօրյա հոգսերին, վարք ու բարքին, հոգեբանությանը:

Նրա կենսափորձի հարստացմանը մեծապես նպաստում էին նաև կոնսիստորիայի անդամ քահանաների հետ, հոգևոր գործերը քննելու նպատակով, Լոռու և այլ շրջանների գյուղերում կատարած շրջագայությունները: Դրանցից ստացած տպավարություններն ու խորհրդածությունները տեղ են գտել «Բորչալվում» ուղեգրության մեջ և «Հանցավորներ ու վկաներ» ակնարկում:

1887 թվականի սեպտեմբերին, պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ, Թումանյանը Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի բնակարանում տեսնում և սիրահարվում է վերջինիս որդեգրուհի օրիորդ Մարիամ (Օլգա) Մաճկալյանին:

Թումանյանի օր. Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը՝ Տեր-Հովհաննեսի կողմից հավանություն է գտնում և արտոնվում միայն բանաստեղծի քահանա դառնալու պայմանով: Սիրահար պատանին ստիպված է լինում ստորագրել առաջարկված պայմանագիրը: Համաձայն որի՝ մինչև Թումանյանի քահանա դառնալը Տեր-Հովհաննեսն էր պարտավորվում հոգալ նորաստեղծ ընտանիքի ծախսերը:

1888 թվականի մարտի 24-ին տեղի է ունենում Հովհաննես Թումանյանի և Մարիամ Մաճկալյանի նշանադրությունը: Այդ կապակցությամբ Թումանյանը գրել էր մի քառատող բանաստեղծություն ՝ «Արծվիկ» խորագրով (չի պահպանվել):

Նույն թվականի ապրիլին հարսնացուի ծնողների համաձայնությամբ նա փոխադրվում է Տեր-Հովհաննեսի՝ Նորաշենի փողոցում գտնվող բնակարան՝ տանելով իր հետ ողջ ունեցվածքը՝ «մի ձեռք  սպիտակեղեն և երկու գիրք»՝ «Վերք Հայաստանի» վեպը և «Հյուսիսափայլ»-ի մի համարը:

1888 թվականի հունիսին Թումանյանը բավական լուրջ հիվանդանում է: Տեր-Թադևոսը որդուն տանում  է գյուղ, ուր մնում է մինչև ապաքինվելը: Վերադառնում է միայն սեպտեմբերի 20-ին:

1888 թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունենում 19-ամյա Հովհ. Թումանյանի և 17-ամյա Մարիամ Մաճկալյանի ամուսնությունը: Թումանյանի կյանքում սկսվում է մի նոր շրջան: Ամուսնությունից մի քանի օր անց վերսկսվում են Թումանյանին քահանա ձեռնադրելու մասին խոսակցությունները:

Տեր-Հովհաննեսը նրան տիրացու է կարգել տալիս Վանքի եկեղեցում: Սակայն տիրացության շրջանը կարճատև է լինում: Կոնսիստորիայում ամենօրյա շփումները հոգևորականության հետ ամրապնդում են Թումանյանի այն համոզմունքը, որ հոգևոր կոչում ընդունելը նրան մշտապես պիտի կապեր խորթ ու անհարազատ միջավայրի հետ, ուր ընկել էր ակամա և որից ձգտում էր ազատվել:

1889 թվականի նոյեմբերից Մամբրե եպ. Սանասարյանի թեմակալ առաջնորդ դառնալուց հետո, Թումանյանի և կոնսիստորականների հարաբերությունները առավել սրվում են: Կոնսիստորիայում չարաշահումներն ու անիրավությունները ավելի հաճախակի են դարձնում բանաստեղծի բանավոր և գրավոր ընդվզումները «հոգևոր հայրերի» դեմ: Թումանյանի բախումը կոնսիստորիայի միջավայրի հետ իր արտացոլումն է գտել այդ տարիներին գրած նրա մի շարք բանաստեղծություններում («Երանություն էր խոստացել հույսս ինձ…», «Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից», «Մարգարե», «Չարամիտներին», «Միամիտներին», «Ազդ», «Դարձյալ նրանց»):

Իրավիճակն ավելի է լարվում, երբ Թումանյանը չհամակերպվելով ստեղծված նոր իրադրությանը, դրսևորում է իր բնավորության հիմնական գծերից մեկը՝ մտքի ազատությունն ու ինքնուրույնությունը:

1890 թվականի մայիսին, հակառակ կոնսիստորկանների, հաշվի չառնելով անգամ աշխատանքից ազատվելու հնարավոր հետևանքը, մասնակցում է Գր. Արծրունու գրական գործունեության 25-ամյա հոբելյանի առթիվ կազմակերպված ներկայացմանը:

1892 թվականի հունվարին հակառակ կոնսիստորիայի արգելքին, և չնայած իր անչափահաս լինելուն, Թումանյանը մշակակաների կողմից մասնակցում է եկեղեցական պատգամավորների ընտրությանը:

Ի լրումն ամենի, 1892 թվակականի մարտի 8-ին Թիֆլիսի թեմական պատգամավորների ընտրության առթիվ Թումանյանը գրում է «Մարշ» պարոդիան, որտեղ գովերգվում է Արծրունին ու «Մշակ»-ը, և պախարակվում Մամբրե եպ. Սանասարյանը:

Պարոդիայի գրությունից ընդամենը մի քանի օր անց, 1892 թվականի մարտի 14-ին, բանաստեղծը պաշտոնից ազատ է արձակվում:

1887 թվականի աշնանը, երբ Թումանյանը նոր էր սկսել պաշտոնավարությունը կոնսիստորիայում, մտերմանում է Ներսիսյան դպրոցի մի քանի աշակերտների հետ (Դավիթ Շահլամյանը, Արամ Առաքելյանը, Գրիգոր Վանցյանը, Արսեն Ղլտճյանը): Նրանք հայոց լեզվի և գրականության դասավանդման թերին ինքնազարգացմամբ լրացնելու նպատակով կազմել էին գրական մի շրջան: «Հնգյակը» պարբերաբար, մեծ մասամբ շաբաթ օրերին ունենում էր հանդիպումներ և պարապմունքներ: Այն մեծ դեր է կատարում Թումանյանի գրական կյանքում: Տեղի տալով ընկերների պնդումներին, Թումանյանը հրապարակ է բերում իր բանաստեղծությունների տետրը, որի բովանդակությունը կազմում էր՝ «Շունն ու Կատուն», «Արև ու Լուսին», «Ամառվա գիշերը գյուղում», «Գութանի երգը», «Հին օրհնություն», «Մարոն», «Ալեք», «Նահատակ», «Լոռեցի Սաքոն» և այլն:

Ծանոթանալով իրենց բանաստեղծ-ընկերոջ ստեղծագործություններին, 1889 թ. վերջին «Հնգյակի» անդամները հղանում են դրանք մի առանձին գրքով հրատարակելու միտքը:

Պատանիների այդ խմբակը չէր կարող զերծ մնալ նաև 1880-ական թվականների վերջերին վերելք ապրող հայ ազգային ազատագրական շարժման գաղափարական ազդեցությունից, որոնցով ոգևորված էր Թիֆլիսի ողջ առաջադիմական երիտասարդությունը:

Ան. Աբովյանի վկայությամբ, դեռևս 1886-1887 թվականներին բանաստեղծը հաճախում էր գաղտնի ժողովների: Կնոջ՝ Օլգա Մաճկալյանի հավաստմամբ, Թումանյանը կապված էր հայ ազատագրական շարժման առաջին գործիչներից մեկի՝ Ալեքսանդր Գոլոշյանի հետ. 1888 թվականին նա ատրճանակ էր գնել վերջինիս հետ Արևմտյան Հայաստան մեկնելու համար, բայց հիվանդանալով ետ է մնացել: 1889 թվականի մայիսին ստացվում է Գոլոշյանի սպանության լուրը:

Հետագայում բանաստեղծի արած ինքնակենսագրական շատ համառոտ նշումը՝ «Հեղափոխություն.-Գոլոշյան-հիվանդություն…», վավերացումն է կնոջ և Ան. Աբովյանի վկայությունների:

Այսպիսով՝ բանաստեղծի թիֆլիսյան կյանքի առաջին տարիները կարելի է համարել առավելապես կենսափորձի և տպավորությունների հարստացման, աշխարհաճանաչման, զգացած-ապրածի իմաստավորման, գրական-հասարակական հայացքների ձևավորման շրջան:

Աղբյուր

Նախորդ գրառումը

Ադրբեջանն ակնարկել է, թե «Իսկանդեր-Մ»-ով Շուշիի վրա կրակել են ռուսները, քանի որ հայերը չունեն նման զենք

Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1192, մահվան՝ 37 նոր դեպք

Համանման Հոդվածներ

Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Կինո-Թատրոն

Հայ և ֆրանսիացի ուսանողների համար ԵԹԿՊԻ-ում կգործեն առաջին համատեղ ստեղծագործական արվեստանոցները

14/07/2026
Երաժշտություն

Ադամ Բարրոն քրիստոնեության ընդունման 1725-ամյակի առիթով հանդես կգա մի քանի համերգով

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1192, մահվան՝ 37 նոր դեպք

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական