Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն (անգլերեն՝ North Atlantic Treaty Organization, ֆրանսերեն՝ Organisation du traité de l’Atlantique Nord), Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպություն, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից, բայց առավել հաճախ կիրառում են Ատլանտյան դաշինք անվանումը կամ ավելի կարճ՝ Ալիանս կամ Դաշինք։
Սույն պայմանագրի տեքստը, որը ստորագրվել է 1949 թվականի ապրիլի 4-ին, հիմնեց Հյուսիսատլանտյան խորհուրդը (ՀԱԽ), և վերջինիս շնորհեց իր գործունեության համար անհրաժեշտ առաքելությամբ։ Կորեական պատերազմի սանձազերձման շոկը ՀԱԽ-ին ուղղորդում է 1950 թվականի վերջին ստեղծել մշտական ինտեգրալ ռազմական կազմակերպություն, որը համարվում է մինչ օրս ՆԱՏՕ-ի տարբերակիչ հանգամանքը և վերջինիս օժտում է ռազմական իրավասություններով, որպիսիք ոչ մի պաշտպանական դաշինք չուներ։ ՆԱՏՕ-ի տերմինի ներքո վերջինիս կիրառումն ընդգրկում է Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների իրավաբանական դաշինքը, ինչպես նաև վերջինիս նպատակներն իրագործելու նպատակով քաղաքացիական և ռազմական կազմակերպությունների հիմնադրումը։
Ֆրանսիան, համենայն դեպս, արեց բացառություն՝ 1966 թվականին որոշելով մնալ Ատլանտյան դաշինքի անդամ, սակայն լքել ռազմական ինտեգրալ կազմակերպությունը, որի լիիրիավ անդամ կրկին դարձավ 2009 թվականին։
Դաշինքը սկսում է գործել Սառը պատերազմի սկզբում և առավել առանձնահատուկ կերպով՝ Բեռլինի շրջափակման ընթացքում, որն իրականացնում էր Խորհրդային միությունը։ Նրա առաջնահերթ առաքելությունն էր Արևմտյան Եվրոպայի անվտանգության ապահովումը՝ ԱՄՆ-ի հետ ամուր համատեղ դաշինք հիմնելով։ Սա եվրոպացիների համար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ միակ ուղին Խորհրդային միության ծավալապաշտական փորձերից պաշտպանվելու համար։ Ըստ առաջին Գլխավոր քարտուղար Լորդ Իսմեի՝ «ՆԱՏՕ-ի դերը ռուսներին դրսում պահելն է, ամերիկացիներին՝ ներսում և գերմանացիներին՝ խնամակալության ներքո»։ ՆԱՏՕ-ն Արևմտյան բլոկի կոշտ միջուկն է։ 1955-91 թվականների ընթացքում ՆԱՏՕ-ի թշնամին Խորհրդային միության կողմից ձևավորված Վարշավյան պակտն էր՝ Ատլանտյան դաշինքին ԳԴՀ-ի անդամակցումից և վերջինիս վերազինումից հետո։ ՆԱՏՕ-ն կազմավորվում է դիմագրավելու այդ վտանգին ռազմավարական հայեցակարգերի սահմանմամբ, որոնք վերաբերում էին միջուկային զենքին, համակարգված պլանավորմանն իր բոլոր անդամ-երկրների և վերջիններիս ռազմական միջոցների միջև, ինչպես նաև աշխարհագրական տարածքով ինտեգրալ հրամանատարություններին, որոնցից Շեյփն ամենակարևորն է (անգլերեն՝ Supreme Headquarters Allied Powers Europe կամ Եվրոպայի միացյալ ուժերի բարձրագույն գլխամաս կամ Շեյփ՝ հապավման հայերեն տառադարձումից)։
ԽՍՀՄ-ի կազմալուծումից և Սառը պատերազմից հետո՝ 1991 թվականին, Ատլանտյան դաշինքը շարունակեց իր գոյությունը՝ անկախ իր գոյության հիմնական պատճառի վերացումից։ Այն սկսեց ընդլայնվել Արևելյան բլոկի և Խորհրդային միության նախկին հանրապետությունների անդամակցություններով։ Այն հաշվի առավ նոր ճգնաժամերն ու վտանգները, ինչպիսիք են նախկին Հարավսլավիայի ազգայնական հակամարտությունները, միջազգային ահաբեկչության ծաղկումը կամ էլ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, որոնց հետևանքով էլ ՆԱՏՕ-ն խորապես մի քանի անգամ վերանայեց իր ռազմավարական հայեցակարգն ու քաղաքացիական և ռազմական կառուցվածքային բաժանումները։ Այն Եվրոպայում և աշխարհում զարգացրեց գործընկերության համակարգված քաղաքականություն, որի շնորհիվ Դաշինքի անդամ-երկրները, 1994 թվականից սկսած, Ռուսաստանի, վերջինիս ազդեցության տակ գտնվող երկրների, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի չեզոք երկրների հետ մեկնարկեցին «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը։ ՆԱՏՕ-ն ԵՄ-ի հետ համատեղ 2002 թվականին մեկնարկել է արտոնյալ հարաբերությունններ՝ «Անվտանգության և պաշտպանության Եվրոպական անհատականություն»-ը (ԱՊԵԱ), որն օժանդակություն է ստանում ՆԱՏՕ-ի կողմից՝ համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության բնագավառներում որոշ գործողությունների իրականացման համար։
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, որը սկզբնապես գտնվում էր Լոնդոնում, իսկ այնուհետև՝ Փարիզում, 1966 թվականից ի վեր գտնվում է Արենում (Բրյուսելի թաղամաս, Բելգիա), որի հիմնական ռազմական հրամանատարությունը՝ Շեյփը, որը սկզբում տեղեկայված է եղել Ռոկանկուրում (Ֆրանսիա), այսօր գտնվում է Մեզիեռում (Մոնս)՝ կրկին Բելգիայում։
Վիքիպեդիա