Այս վերլուծությունը պրոֆեսոր Մարիամ Մարգարյանը կատարել էր դեռ հեռավոր 1995թ․, սակայն այն արդիական է նաև այսօր։
Քաղաքականությունը մարդկային գործունեության հատուկ ոլորտ է, իսկ մտավորականությունը քաղաքակրթության որոշակի փուլերում հայտնված և հասարակայնորեն ամրակայված սոցիալական շերտ է՝ գաղափարների ու մտքերի կրող-վերարտադրող, արժեքների ստեղծողն ու համակարգողը:
Հասարակությունը որպես համակարգ ամրակայվում և գործառնում է որոշակի համաձայնության հիմքի վրա: Բայց ոչ թե այն համաձայնության, որը քարոզում էին ֆրանսիական լուսավորիչները, այլ ըստ իմանենտ հատկանիշի, առանց որի ոչ մի հանրություն չի կարող գոյատևել: Այս դեպքում տարաձայնությունը գտնվում է համաձայնության ընդարքում, որպես տվյալ հատկանիշի հակադրություն: Քաղաքականությունն էլ այս համաձայնություն-տարաձայնություն (հակադրություն) գործառումն է, որն ունի երկու ելակետ փոխդաշնություն և բախում: Քաղաքականությունը ժամանակակից մարդու համար պահանջմունքային է, և անկախ այն բանից, թե մարդը ինչ չափով է մասնակցում քաղաքականությանը, քաղաքականությունն ինքը մշտապես ընդգրկում է նրան իր ոլորտը:
«Մտավորականություն» հասկացությունը կարելի է վերցնել ամենալայն և ամենաորոշակի իմաստներով: Մտավորականությունը ողջ կրթված հասարակությունն է, նրա մեջ ընդգրկված են բոլորը, ովքեր ուղղակի կամ անուղղակի, ակտիվ կամ կրավորական կերպով մասնակցում են երկրի մտավոր և քաղաքական կյանքին: Թյուրիմացությունից խուսափելու համար նկատենք, որ այդ երկու «կրթված» և «մասնակցում են երկրի մտավոր և քաղաքական կյանքին» հասկացությունները կարող են լինել միանգամայն տարբեր հարաբերակցությունների մեջ: Առանց հայտնի կրթական մինիմումի անհնարին է մասնակցել երկրի թե՛ մտավոր, թե՛ քաղաքական կյանքին, բայց այստեղից չի հետևում, թե որքան կրթված է մարդը, այնքան մեծ է նրա դերը դրանց մեջ: Վերջին հանգամանքի համար պետք են բազում ներքին ու արտաքին պայմաններ:
Երկրի քաղաքական կյանքին մասնակցելու համար մարդը պետք է ունենա մի շարք բարենպաստ պայմաններ, մտային նախաձեռնություն, տաղանդ, փաստական հնարավորություն, միջավայր, գնահատում և այլ արժեքներ: Բայց այս դեպքում գլխավորը մտավորականության քաղաքականության կրողի հատկանիշների այն դրսևորումն է, որը ենթարկվում է որոշակի շփման, դիցուք ակտիվ և կրավորական:
«Կրավորական» բաոը (ինչպես և «ակտիվը») մենք գործածում ենք իր պայմանական նշանակությամբ, որովհետև չկա բացարձակ կրավորականություն (և հակառակը), քանզի քաղաքական կյանքն ինքն է իր մեջ ներառում մարդուն՝ մտավորականին, և շատ հաճախ կարգավորում նրա գործառնումը վերոհիշյալ չափերով՝ պասիվ կամ ակտիվ։ Այս պարագայում մեծ նշանակություն ունի մտավորականի մտային և ֆիզիկական էներգիայի պաշարը: Հասկանալի է, որ այդ երկու էներգիաները Աստծո կողմից միասնաբար շնորհ ստացան, մարդը առավելագույնս կարող է մասնակցել այդ երկրի քաղաքական կյանքին, քան դրանցից զրկվածը կամ թույլը: Բայց վերոասվածը բացարձակապես չի նշանակում, որ յուրաքանչյուր մտավորական քաղաքական գործիչ է, կամ էլ զբաղվում է քաղաքականությամբ, դա նշանակում է, որ մտավորական մարդն իր և ընձեռված հնարավորությունների շրջանակներում, մասնակցում է երկրի քաղաքական կյանքին՝ դառնալով քաղաքականության սուբյեկտ, ինչպես իր անհատական դրսևորումներով, այնպես էլ իր սոցիալական շերտի հետ:
Մտավորականության հասարակական-քաղաքական գիտակցությունը նրա գիտակցության մասն է, որը ձևավորում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթ գործոնների ազդեցության տակ: Չնայած հայ մտավորականությունը հարաբերականորեն ավելի երիտասարդ հասարակական շերտ է, այնուհանդերձ, նրա քաղաքական գիտակցությանը հատուկ են արժեքային բարդություններ և կնքված է հակասականությամբ: Այս պարագան պատճառաբանված է նրա խորհրդային սոցիալիստական անցյալով և կապիտալիզացվող ներկայով: Բանն այն է, որ այս պատմական փուլում, երբ ամեն օր ու ժամ խորտակվում են սոցիալիզմի հենասյուները, մտավորականության ճնշող մասը դուրս է մնացել այն խաղից, որը ժամանակի ընթացքում նրան, որպես դեր, տվել էր պարտոկրատիան, նա հարմարվել էր (իհարկե, չենք մոռանում գուլագները) դրան և ընդհանուր «ներկայացման» մեջ չէր զգում իր, այսպես կոչված՝ էպիզոդիկ դերը: Ընդհակառակը, նա համոզված էր, որ իրեն է վերապահված լուսավոր ապագայի կերտման եթե ոչ գլխավոր, ապա առաջատար դերը: Այսօր նա հայտնվել է հասարակական կյանքի արյերգարդում: Այս պարագան ծնել է հենց նրա հասարակական-քաղաքական գիտակցության հակասությունը՝ դրոշմված բոլոր մասնագիտական խմբերի վրա: Մասնագիտությունը դրսևորում և ինքնահաստատվում է աշխատանքով, սրա նկատմամբ առկա սոցիալական պատվերի չափանիշով:
Այն կարևոր պարագան, որ աշխատանքն ունի մտավորականի համար, մեծացնում է նրա հետաքրքրությունը իր մասնագիտական դրսևորման ազատ և անարգել բնույթը: Գիտնականներին ու ինժերներին հուզում է գիտության և տեխնիկայի, ուսուցիչներին ու բժիշկներին լուսավորության ու առողջապահության կազմակերպումը, մշակույթի և արվեստի աշխատողներին՝ հասարակության հոգևոր կյանքի հիմնախնդիրները: Մտավոր աշխատանքի մարդիկ ցանկանում են մասնակցել իրենց մասնագիտությանը վերաբերող ապագայի կանխորոշմանը, կամենում են, որ իրենց աշխատանքը ծառայի հանրապետություն-պետությանը, այլ ոչ թե մենաշնորված առանձին խմբերին: Հայաստանի ուսուցիչների նախկինում կազմակերպված գործադուլն ուղղված էր ոչ միայն սեփական կենսամակարդակի բարելավմանը, այլև՝ լուսավորության համակարգում վերափոխումների մեջ իրենց մասնակցության ապահովմանը: Նկատելի է նաև մի այլ բան. որպես քաղաքականության սուբյեկտ մտավորականությունը ներքուստ պատրաստվում է մտնել կոնֆլիկտի մեջ հաստատվող կապիտալիզմի հետ, որը խստիվ սկսել է իդեոլոգիազացնել նրա քաղաքական գիտակցությունը: Մտավորականությանը ամբողջությամբ հատուկ է սրված և զգայուն հետաքրքրությունը առ դեմոկրատիան, հավասարությունը, հասարակական ազատությունը և սոցիալական արդարությունը: Հանուն դեմոկրատիայի, պայքարը, որ մեր հասարակությունը մղեց ոչ վաղ անցյալում, հսկայական էր մտավորականության մասնակցությունը: Եվ պատահական չէր, որ աոավել ակտիվ տարրը մտավորականության այն շերտերից էր, որին «երես չէր տվել» պարտոկրատիան: Եվ բնական էր նաև այն, որ մտավորականության լայն շերտերը պաշտպանելով սպասվող վերափոխումները, պետք է վերջնական արդյունքում հիսաթափվեին և հուսահատվեին, ընկնելով ներկա կրավորականության մեջ, օտարվեին իրականությունից…
Անշուշտ, որոշակի կատեգորիայի մտավորականության քաղաքական գիտակցությունը նրա հասարակական կեցության պարզունակ ածանցյալը չէ: Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսի վերաբերմունք ունեն այս կամ այն կատեգորիայի մտավորականության խմբերը հասարակական այլ շերտերի նկատմամբ և ինչպիսին է քաղաքական զանազան ուժերի՝ նրանց վրա ունեցած ազդեցությունը: Մտավորականության քաղաքական գիտակցության ձևավորման գործընթացը սոցիալիզմից կապիտալիզմի անցման շրջանում ծայրահեղորեն բարդ է: Դեռ նոր է սկսվում մտավորականության տեղի որոշակիացման գործընթացը՝ սպասվող հասարակարգում, որը նույնպես գտնվում է երկունքի և լինելության մեջ: Հսկայական է այն տարբերությունը, որ առկա է զանազան մասնագիտական խմբերում:
Այդ տարբերությունն ավելի է ընդգծվում հասարակության նոր դիֆերենցիացիայի պայմաններում: «Մեռնող» սոցիալիզմի և «հաստատվող» կապիտալիզմի միջև ծավալված անողոք պայքարում հակադիր ուժերը ձգտում են իրենց կողմը գրավել մտավորականությանը: Այս պայքարը հանդիպում է մտավորականության խուլ դիմադրությանը, մտավորականությունն ինքն է պատրաստվում դառնալ քաղաքական ուժ, և այս գործընթացը նախնական փուլում է, ճիշտ այնպես, ինչպես մյուս հասարակական երևույթները և ուժերը:
Մտավորականության նոր գաղափարաբանության մշակումը նրա նոր դերի արդյունքն է և համապատասխանում է դրան, բայց և հիմա խիստ դժվար է այդ գաղափարաբանության ուրվագծերի կռահումը, քանի գտնվում է դեռ իր սաղմնային վիճակում: Հատուկ է մի բան, որ մտավորականության կողմից իր մենաշնորհների կորուստը նրա քաղաքական ակտիվությունը կարող է ուղղել երկու հիմնական ուղղություններով.
հանդես գալ հաստատվող հասարակական համակարգի առավել անընդունելի դրսևորումների դեմ,
մտնել սեփական կորպորատիվ հետաքրքրությունների սուր պայքարի մեջ:
Այս երկու միտումները զգացվում են նրա ներկա քաղաքական կրավորականության ընթացքում, որը խախտվում է, երբ իշխանություններն անցկացնում են որևէ հակամտավորական վերափոխում, ասենք՝ լուսավորության, բժշկության, մշակույթի ոլորտում: Վերոշարադրանքը մեզ հիմք է տալիս անելու երկու եզրակացություն.
սոցիալիստականից բուրժուակսւն մտավորականության անցման ճանապարհին մտավորականությունը կդրսևորվի որպես ակտիվ քաղաքական սուբյեկտ,
որպես ակտիվ քաղաքական սուբյեկտ նա հասարակական ուժերի մեջ կձգտի գտնել դաշնակիցների, որոնց սոցիալական կարգավիճակը կնպաստի մտավորականության հասարակական դերի բարձրացմանը: Որո՞նք են այդ ուժերը, ներկա պահին ընթացող հասարակական շերտավորման բուռն ընթացքում մեծագույն համարձակություն կլինի մատնացույց անելը: Բայց դեմոկրատական արժեքների համար մղած մտավորականության համաշխարհային պայքարի փորձը ցուցանում է առավել մարգինալացված արժեքներ կրող սոցիալական շերտերը, հատկապես անցումային շրջաններին յուրահատուկ: Մտավորականությունը ասելու է իր խոսքը: Բայց մինչ այս, նա դեռ պետք է մշակի իր գազափարաբանությունը: Իսկ սա երկարատև ժամանակի արդյունք կարող է լինել: Զի բացառում նաև կոնֆորմիզմը: Սա արդեն այլ թեմա է: «ԼՐԱԳԻՐ», 1995, N 167