Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը, –
Վերջին օրերի թուրքական աննախադեպ ակտիվությունը և Հայաստանի ներքին գործերին միջամտության փորձերը երեկ «պսակվեցին» անձամբ Անկարայի վարչախմբի պարագլուխ Էրդողանի «մուտքով»։
Մի կողմ թողնելով այն, որ թուրքական հայտարարությունների քարոզչական բառամթերքը մեկին մեկ երկրորդում էր Հայաստանում իրեն դեռևս իշխանություն համարող վարչախմբի ղեկավարի ձևակերպումները, և այն, որ Անկարան միակ արտաքին խաղացողն էր, որը նման «գնահատականով» հանդես եկավ, դառնանք թուրքական հայտարարությունների երևան գալու պատճառներին։
Նախ՝ ակնհայտ է, որ Էրդողանական վարչախումբը, փաստացիորեն լինելով «Մահմեդական եղբայրների» թուրքական «մասնաճյուղը», պաթոլոգիական վախեր և բարդույթներ ունի զինվորականության հանդեպ, և դրանք ինքնաբերաբար պրոյեկտում է նաև արտաքին քաղաքական ասպարեզ։
Երկրորդը՝ կասկած չկա, որ Անկարայի համար ուղղակի պարգև է, երբ Երևանում դեռևս իրեն իշխանություն է համարում անթաքույց պոպուլիզմով տառապող և ակնհայտորեն ապաշնորհ ու ապիկար մի վարչախումբ, որը ոչ միայն քայքայեց Հայաստանի անվտանգային ողջ համակարգը, այլ նաև իր տարերային մոտեցումներով հանգեցրեց Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական ստատուս քվոյի փոփոխության, ինչի արդյունքում Թուրքիան ամրապնդեց դիրքերը՝ մոտենալով «Թուրան» հասնելու իր մոտ հարյուրամյա երազանքին։
Եվ երրորդը՝ հայտարարությունների այդ շքերթը նպատակ ուներ նաև սադրել Ռուսաստանին՝ «երկու ահը մի մահ է» հայտնի ասույթի «տրամաբանությամբ» ուղերձ հղելով առ այն, որ Հայաստանի համար պայքարում Անկարայի վարչախումբը դեռ ամենևին էլ վայր չի դրել «զենքերը»։
#մահ_թշնամուն