Անցան օրեր, անցան նողկալի ամիսներ, որ գեհենական սաստկությանը հատուկ բարկ եզրեր ունեին, անցան չնչին օրեր, որոնք թեական իրականության ժանրից էին սոսկ: Եվ ի՞նչ եղավ կամ ի՞նչ փոխվեց: Մարդը նույն մարդն է. Դավաճանը՝ դավաճան, սրիկան՝ սրիկա, դատարկապորտը՝ դատարկապորտ: Մակաբույծն էլի իր օրն է մսխում Երևանյան հաճույքի պարկուճում, իսկ բարձրահնչյուն մեղեդին նորից լցվում է ամեն փողոց ու մայթ:
Սարսափելի ազգ ենք, գուցե ժողովուրդ, կամ երբեմն ցեղահամայնքային մի զանգված. դեռ պիտի գործի սեփական եղունգի վնասման վարկածը, որ ցավի գիտակցումն ըմբռնելի լինի: Ո՞ր ենք գնում, այս անոմալ ներկան ու՞ր է քարշ տալիս մեզ: Մենք, որ անգիտակից հրում ենք մեր սեփական կյանքը, բայց ո՛չ հանուրի պետականը, ու՞ր պիտի հասնենք: Մենք, որ ցերեկային բթությամբ սքողված մոռացանք, կամ փորձում ենք մոռանալ մեզ դեռ թարմ կեղեքած վերքերը՝ ի՞նչ պիտի լինի մեր վիճակը:Ամեն ազգ ունի իր դիմագիծը, որքան էլ պայմանական, բայց ունի: Ամեն ազգ զբաղվում է իրեն հատուկ և նպաստավոր գործունեությամբ: Օրինակ՝ ռուսը տարեկան միլիարդավոր դոլարների զենք է արտադրում, ֆրանսիան միլիարդավոր դոլարների խնամք ու բույր, ամերիկացին միլիարդավոր դոլարներ ֆիլմարտադրության ֆոնդին է տրամադրում:
Իսկ ո՞րն է մե՛ր մոտիվացիան: Մե՛ր թիրախը: Ելման մե՛ր կոնյեն: Հետպատերազմական տարբեր երկրներ կան, որոնք կարող են ծառայել իբրև լավագույն օրինակ՝ կորությունից դեպի շտկում ուղին հաղթահարելու: Բայց… մենք ներսից ախտահարված ենք, մենք չենք էլ ձգտում բուժման: Մենք չունենք որպես այդպիսին կառուցողական, վերականգնողական մակետ: Արդեն ամիսներ են անցել, բայց չկան հստակ կարգադրումներ, ցուցումներ՝ ապագայի վարվեցողության և կարևոր գործառույթների շուրջ: Եվ հետզհետե ամեն անցումի, բակի, շքամուտքի արանքից բուսնում են բավականին առողջ մոզիներ՝ անմեղ երջանկության դրոշմը մռութներին ու իբրև քայլող դինամիկ՝ ողողում են մեր շուրջը զվարթ երգերով:
Մի՛ արեք: Անհարի՛ր է: Մենք դեռ նորմալ կարկատան էլ չենք եղել: Խիղճ ունեցեք: Տեղից էլ անտերության մատնված մի սահմանափակ տափաստանում ենք, ուր հույսն ու ժպիտը պահմտոցի են խաղում: Փորձեք իմաստավորել ձեր գոյությունը. Մարդ ենք, և, որ կարևորն է՝ հայ ենք, հա՛յ: Խիղճներդ կտրվի, ի՞նչ էնտուզիազմով եք եթերային հաճույքի հասնում ու թմրած, անորոշ հայացքներով ապրում մեղեդին նոտա առ նոտա:
Տականքնե՛ր: Մինչդեռ Հայաստանում, գրեթե ամեն փողոցում սև ծիածանի պես կախված են հերոսական սև լենտերը։ Եվ դրանք ավելանում են. գույժեր կան, որ նոր են հասնում տեղ՝ ձգելով մեր գլխավերևում մի նոր անուն, ափսոսալի մի նոր սյուժե, ու քիչ կմնա սև լենտերի առատությունը հասնի-ձուլվի իրար, բայց այս ամենին զուգահեռ առոք-փառիք զվռնող լածիրակների խրախճանքներն ու բթության թմբիրում անհոգ երգեր բարձրացնելը… ամոթ է, խոսքեր չկան։ Ավելի ճիշտ կան՝ նսեմացնող ու հայհոյաբեր։