Գառնիում` 375 մետր երկարությամբ և 60 մ խորությամբ թունելախորշում է գտնվում Հայաստանի` երկրաշարժերը գրանցող ամենազգայուն սարքը:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այստեղ են տեղակայված դեֆորմոգրաֆ սարքը, ստատիկ ուղղահայաց ճոճանակը (թեքաչափ), ԱՄՆ eրկրաբանական ծառայության Ալբուքերքի սեյսմոլոգիական լաբորատորիան, աերոսեյսմիկ կայանը և այլն:
«Գառնի» երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների թեկնածու Աննա Բայրամյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կենտրոնում կա նաև երկրաքիմիական լաբորատորիա, որտեղ կատարվում են ջրանմուշառումներ, որոշվում է հանքային աղբյուրների ջրերում քիմիական տարրերի կազմի փոփոխությունը:
«Մեր կենտրոնում ունենք նաև հիդրոերկրադինամիկական կայաններ, որտեղ հորատանցքներում ջրի մակարդակի տատանումներն են գրանցվում, կան նաև երկրաֆիզիկական, բիոմագնիսական դաշտի չափման կայաններ, ինչպես նաև համաշխարհային սեյսմոգրաֆիկ ցանցի կայանը, որը բաշխված է Հայաստանի և Արցախի տարածքում:
Բայրամյանը նշեց, որ կենտրոնում առկա Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի կողմից ստեղծված պրեցեզիոն լազերային ինկլինոմետրի միջոցով հնարավոր է անգամ աննշան միկրոսեյսները կառավարել:
«Գառնի» սեյսմիկ կայանի սենյակներից մեկում, որտեղ 24-ժամյա ռեժիմով իրականացնում են սեյսմիկ վտանգների գնահատում, պատին կախված մի քարտեզ կա, որի վրա երևում են ՀՀ վտանգավոր խզվածքները, Գառնին էլ հենց այդ շարքում է: Այս կենտրոնում անալիզի են ենթարկվում նաև ստորգետնյա ջրերը:
Լրագրողների հետ զրույցում Գառնի» երկրաֆիզիկական դիտարանի տնօրենի խորհրդական Ռուբեն Ստեփանյանը նշեց, որ թունելախորշում գտնվող դեֆարմոգրաֆը ցույց է տալիս երկրակեղևի հարաբերական դեֆորմացիաները, որը ևս երկրաշարժերի նախանշան է:
«Այս աշխատանքը կատարվում է Ռուսաստանի երկրաֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ: Սարքն այս պահին գտնվում է վերանորոգման և կատարելագործման փուլում: Խորհրդային միության տարիներին այն անալոգային է եղել, այժմ այն թվային է»,- ասաց Ստեփանյանը:
Խոսելով թունելախորշում տեղակայված ստատիկ ուղղահայաց ճոճանակի (թեքաչափ) մասին՝ Սեյսմիկ վտանգի գնահատման վարչության պետ Անի Գևորգյանը նշեց, որ այն հեղինակել են Չեխիայի լեռնային ինստիտուտի մասնագետները:
«Այն կախված է բովվածքից, ունի 8 մետր երկարություն: Սարքը վերևից ամրացված է, իսկ ներքևում գտնվում է գրանցման համակարգ: Այն իրենից ներկայացնում է թվային տեսախցիկ և միկրոսկոպ: Ճոճանակի տակ կա հատուկ միկրոռաստր, և յուրաքանչյուր 10 վայրկյանը մեկ անգամ այդ տեսախցիկը ֆիքսում է միկրոռաստրի տեղաշարժը: Այն մշակվում է հատուկ ծրագրային ապահովմամբ և այդպիսով որոշվում են երկրակեղևի թեքումները»,- նշեց Գևորգյանը և հավելեց, որ այն նախատեսված է բնական ու տեխնածին գործընթացներ ուսումնասիրելու համար: