Ազգային ակունքները բազմաթիվ պայմաններից մեկն է ստեղծագործությունը համամարդկային շարքին դասելու համար.- իր ստեղծագործական կյանքի ամբողջ ընթացքում այս սկզբունքով է ապրում կանադաբնակ մեր հայրենակից, ջութակահար, մենակատար, մանկավարժ Ռուբեն Կոսեմյանը:
Տաղանդաշատ արվեստագետի անունը հայտնի է Ռուսաստանում, Եվրոպայում եւ աշխարհի բազմաթիվ երկրներումՙ մինչեւ Վրաստան, Իրան, Մեքսիկա, Թայվան, Մալազիա: Նա հանդես է գալիս որպես մենակատար տարբեր նվագախմբերի հետՙ Կանադայում եւ արտասահմանում: Նա աշխարհի բոլոր բեմերում մատուցում է հայ մշակույթի գոհարներըՙ սկսած միջնադարյան շարականներից մինչեւ Կոմիտաս, մինչեւ Արամ Խաչատրյան, մինչեւ Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Կարեն Խաչատրյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործություններ:
Ռուբեն Կոսեմյանն իր ստեղծագործական կյանքի ուղին սկսել է 9 տարեկանիցՙ ելույթներ ունենալով միջազգային հեղինակավոր բեմերում: Չորս տարեկանից երաժշտության առաջին դասերն առնել է հորիցՙ ալտահար, մենակատար, անսամբլիստ, սիմֆոնիկ նվագախմբերի կոնցերտմեյստեր, մանկավարժ Ալեքսանդր Կոսեմյանից. նա եղել է Կոմիտասի անվան Լարային Քառյակի ալտահար (1990 թվականից):
Ալեքսանդր Կոսեմյանն իր ավանդն է բերել միջնադարյան հայ հոգեւոր երաժշտությունը վեր հանելու, փոխադրելու նվիրական գործում (նրա ձայնագրությունները մտել են Հայաստանի պետական ռադիոյի Ոսկե ֆոնդի մեջ):
Ռուբեն Կոսեմյանը հայրիկից ստացավ նաեւ մեր ազգային մշակույթը գնահատելու՛ առաջին դասերը: Դրա վկայությունն են հայ մշակույթը պահպանելու եւ աշխարհով մեկ տարածելու նպատակին ուղղված իր ջանքերը: Հեղինակել է բազմաթիվ ձայնասկավառակներ, որտեղ ի թիվս եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններիՙ միջազգային ունկնդրին է ներկայացնում հայ մշակույթի անգին մարգարիտները…
Եվ ահա 2020 թ. Սանկտ-Պետերբուրգում լույս տեսավ Ռուբեն Կոսեմյանիՙ ջութակի եւ դաշնամուրի համար փոխադրությունների առաջին ժողովածուն, նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որտեղ տեղ գտան Կոմիտասի, Ֆ. Լիստի, Պ. Չայկովսկու, Ս. Ռախմանինովի ստեղծագործությունների փոխադրությունները («Պլանետա Մուզիկի» հրատարակչություն, Ռուսաստանի Դաշնություն): Ժողովածուն եւ դաշնամուրային մասը խմբագրել է դաշնակահար Նատալյա Մնացականյանը:
Մենք բացառիկ առիթ ունենք զրուցելու նրա հետՙ ձայնասկավառակի ստեղծման մասին:
-Ձայնասկավառակի ստեղծման գաղափարը նորՙ ոչ ջութակային երաժշտություն նվագելն էր…Սիրելի ստեղծագործությունները դարձան փոխադրումներ: Առաջարկեցին Ռուսաստանում ժողովածուներ հրատարակելու: Եվ առաջարկ եղավ այդ ժողովածուների հետ միասին ձայնասկավառակ թողարկել: Իհարկե, մեկ ձայնասկավառակի համար բոլոր փոխադրումները շատ էին, այդ պատճառով որոշեցինք ձայնագրել ընդամենը մի քանի ստեղծագործություն: Իսկ ապագայում ուզում ենք ձայնագրել նաեւ մյուս փոխադրումները:
– Կոմիտասի հատկապես ո՞ր ստեղծագործություններն են տեղ գտել ձայնասկավառակում,- դիմում եմ արվեստագետին:
– Ժողովածուների մեջ ընդգրկվել են կոմիտասյան հինգ ստեղծագործություններ եւ Առնո Բաբաջանյանի պիեսներից մեկը:
Կոմիտասի այդ ստեղծագործություններն ենՙ «Չինար ես», «Հաբրբան», «Կաքավի երգը», «Գարուն ա», «Երկինքն ամպել ա»… Բոլոր ստեղծագործությունները տարբերվում են իրենց բնույթով: Իսկ Առնո Բաբաջանյանը պատմել է, որ Արամ Խաչատրյանն իրեն սովորեցրել էՙ երբեք չհեռանալ ազգային ակունքներից:
Նշենք, որ ձայնասկավառակի մասին Հայաստանում դեռ չի լուսաբանվել: Չեն հասցրել բացահայտել նաեւ Եվրոպայումՙ պայմանավորված աշխարհը պատուհասած համավարակով: Սակայն հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում այն կներկայացվի բարձր արվեստը գնահատող ունկնդիրներին.
– Դժբախտաբար, այս օրերին աշխարհում տիրող բարդ իրավիճակի պատճառով ստիպված ենք սպասել ավելի բարենպաստ պայմանների, որպեսզի կարողանանք ներկայացնել նոր ձայնասկավառակը,- ասում է Ռուբեն Կոսմյանը:
Կոմիտասի ժառանգությունը հայկական քաղաքակրթության այցեքարտերից մեկն է: Հիշենք Կլոդ Դեբյուսիի ՙ ժամանակին նրա մասին ասված խոսքերը. «Եթե Կոմիտասը գրեր միայն «Անտունին», այդ էլ բավական կլիներ նրան խոշոր արվեստագետ համարելու»: Ռուբեն Կոսեմյանի համոզմամբՙ Կոմիտասն այսօր իր անսասան տեղն ու դիրքն ունի համաշխարհային մշակույթի գանձարանում: Եվ նա շարունակում է աշխարհով մեկ տարածել կոմիտասյան երաժշտությունը եւ հայ մշակույթիՙ հազարամյակների խորքից եկող մյուս արժեքները…
– Մոտ ապագայում լույս է ընծայվելու երեք ժողովածու եւ մեկ ձայնասկավառակ, որի մեջ կընդգրկվեն Ալեքսանդր Կոսեմյանի փոխադրությամբ երեք շարականներՙ իր իսկ կատարմամբ եւ մի շարք իմ փոխադրումներից, այդ թվումՙ Կոմիտաս: Հայաստանում մի քանի ուսումնական հաստատություններ արդեն օրինակներ են պատվիրել: Կոմիտասի փոխադրումները մտադիր եմ կատարել տարբեր բեմերում, բայց առաջին հերթին ցանկանում եմ կատարել հին հայկական եկեղեցիներում եւ ձայնագրել դրանք…
Սրանք են Ռուբեն Կոսեմյանի ապագա ծրագրերից երկուսը… Միայն պատկերացնել կարող ենք, թե նրա կատարումները որքան ներդաշնակորեն են միաձուլվելու մեր հնավանդ վանքերի ու եկեղեցիների ճարտարապետությանըՙ աշխարհին ներկայացնելու հայ մշակույթն իր ամբողջության մեջ: Այսպիսի ծրագիր կյանքի կոչելը, վստահ ենք, նպաստելու է նաեւ նոր սերնդին իր արմատներին է՛լ ավելի մոտեցնելուն…
Ռուբեն Կոսեմյանը հաճախ է վերադառնում Հայաստան: Նա շարունակում է իր անմնացորդ նվիրումը բերել մեր մշակութային կյանքը զարգացնելու եւ նոր նշաձողի բարձրացնելու գործինՙ լինելով տոհմիկ երաժիշտ: Իսկ ամեն նվիրական ծրագիր կյանքի կոչելիս նա առաջնորդվում է այս կարեւոր սկզբունքով. «Ամեն գործ պետք է հասցնել լավագույն կատարողական վիճակին»:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ