«Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ միջպետական գանգատ է ներկայացրել՝ պատերազմի արդյունքում տուժած իր քաղաքացիների իրավունքների ու ազատությունների խախտումների վերաբերյալ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գանգատը ներկայացվել է հունվարի 15-ին, այն պատրաստվել է միջազգային իրավունքի ոլորտում հայտնի փորձագետների ու ադրբեջանցի իրավաբանների կողմից։ Բողոքում ներկայացված են փաստեր Ադրբեջանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման վերաբերյալ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից ներկայացված գանգատում նշվում է, որ Հայաստանի կողմից նախկինում «օկուպացված» տարածքներում կան մեծ թվով ականներ, որ Ադրբեջանի գյուղերն ու քաղաքները հավասարեցված են հողին, և որ «անօրինական զինված ուժերի առկայության դեպքում Ադրբեջանի քաղաքացիներն իրենց տուն վերադառնալու հնարավորությունից զրկված են»։
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նոյեմբերի 21-ին էր հոդված հրապարակել և ահազանգ հնչեցրել այն մասին, որ ադրբեջանական կողմը խոսում է 50 մլրդ դոլարի փոխհատուցման մասին, որը Հայաստանի համար աստղաբաշխական թիվ է: Ավելին՝ Մարդու իրավունքների միջազգային կոմիտեի Ադրբեջանի ներկայացուցիչ Կոչին Ահունդզադեն նույնիսկ առաջարկ էր հնչեցրել, թե այդ գումարի դիմաց հայկական կողմը կարող է տալ Զանգեզուրը։
Ավելին՝ թուրքական հեռուստաընկերությամբ դեռ դեկտեմբերի 8-ին էր նման բովանդակությամբ տեսանյութ հրապարակվել՝ կրկին պահանջելով Զանգեզուրը՝ գումարի դիմաց, ու այդ նյութում Թուրքիայի դատախազությունը Հայաստանի հասցրած վնասները Ադրբեջանին գնահատել էր 820 մլն դոլար:
Ավելին՝ դեռևս երկու տարի առաջ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով ահազանգ էր հնչեցրել, որ, իր ունեցած տեղեկություններով, Ադրբեջանի կառավարությունը տարբեր Եվրոպական երկրներում իրավաբաններ է վարձում Հայաստանի կողմից Ադրբեջանին պատճառված վնասի հաշվարկման և դրա հատուցման ուղղությամբ աշխատանքներ կազմակերպելու համար, սակայն Հայաստանում այս ահազանգին քչերն արձագանքեցին:
Եվ հիմա նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունը Ադրբեջանի համար իրավական հիմք է առաջացրել, Հայաստանի դեմ փոխհատուցման պահանջով, հայց հարուցելու համար, որն էլ նրանք արդեն պաշտոնապես կատարեցին:
Եվ ուշագրավ է, որ մինչ մամուլը և տարբեր գործիչներ բարձրաձայնում էին Ադրբեջանի կողմից նման քայլեր անելու հնարավորության մասին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարում էր, թե նման հայցի մասին խոսում է միայն Գևորգ Կոստանյանը:
Ավելին՝ Կիրակոսյանը նաև 2021-ին հունվարի 16-ին հայտարարեց, թե հայկական կողմը ևս պատրաստվում է ՄԻԵԴ դիմում ներկայացնել: Ստացվում է՝ մինչ հայկական կողմը պատրաստվում է այդպիսի դիմում ներկայացնել, ադրբեջանական կողմն արդեն մեկ քայլ առաջ է անցել և արդեն իսկ նման դիմում է ներկայացրել: Իսկ թե ինչու Ադրբեջանը կրկին առաջ անցավ, հայկական կողմն այդպես էլ չի կարողանում մեկնաբանել:
Երեկ՝ ամբողջ օրը, Կիրակոսյանն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, որպեսզի հասկանայինք, թե ինչով է նա զբաված այս օրերին:
Այսպիսով, ինչպես պատերազմին էին պատրաստվում մեր երկրում հունիսից, երբ արդեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը զեկուցել էր գրավոր, որ լայնամասշտաբ պատերազմ է սպասվում՝ Թուրքիայի ներգրավմամբ, այնպես էլ իրավական ու դիվանագիտական գործիչներն են պատրաստվում Ադրբեջանի իրավական հարձակումներից պաշտպանվել՝ դանդաղ, կիսաքայլերով ու շատ հաճախ ուշացած, որոնք անխուսափելիորեն էլի բերելու են պարտության»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: