Ինչպես եղավ, ինչպես չեղավ՝
Էշն անտառում արքա դարձավ:
Անտառ բերին մի օր նրան.
-Վերցրեք, արքա ընտրեք սրան:
Ով որ էշ էր կարծել էշին,
Նույնիսկ չէին կանչել ծեսին:
Խոսքը առավ աղվես աղան.
-Հանճարեղ է մեր նոր արքան,
Ես տալիս եմ ձայնս նրան՝
Եվ ձայնիս հետ՝ սիրտս նրան:
-Կեցցե արքան, -արջը գոռաց:
-Իմաստուն է,-շակալն ասաց:
Գայլը թե՝ ես իմ ողջ կյանքում
Էշի փառքն եմ հա գովերգում:
Շլդիկն ելավ այսուհետև՝
Ունենք նաև մի նոր արև:
Էլի եղան հռետորներ,
Գովք արեցին ամբողջ գիշեր:
+++
Վագրը շատ էր տխուր-տրտում,
Կատարվածը չէր հասկանում.
-Հզոր առյուծն ինչպե՞ս ընկավ,
Էշը ինչպե՞ս գահ բարձրացավ:
Իսկ առյուծը խռով ու խեթ՝
Լուռ կռվում էր մտքերի հետ:
Ի՞նչ իմանար արքան մեր հին,
Որ հենց վաղը կկանչեին,
Կդնեին ձեռքին շղթա.
-Տեղդ բանտն է, այնտեղ գնա:
Հենց որ գահին արքան նստեց՝
Վագրին իսկույն գործից զրկեց
Սպարապետ աղվեսը եղավ,
Գանձապահն էլ ջորին դարձավ:
Միջնորդությամբ ռազմապետի՝
Ձին էլ անցավ մի մեծ գործի:
Ազգակից էր չէ՞ որ ձին էլ
Եվ փույթ չէ, որ գիր չգիտեր,
Դարձավ գրի ու դպրության
Նախարարը ողջ տերության:
+++
Իր մեծերին մի օր արքան
Պալատ կանչեց՝ խորհրդակցության:
-Ձեզ կանչել ենք ուրիշ բանի,
Թե չլուծվեց, աստված չանի,
Երկիրս այսպես պետք է մնա,
Ահա տեսեք, լսեք հիմա:
Ողջն անտառ է, վանք ու պուրակ,
Որտե՞ղ գտնես փուշ ու տատասկ,
Դե, մեր կերում տատասկի պես
Համով խորտիկ որտե՞ղ գտնես:
Այ, ի՞նչ անենք, որ շենանա,
Տատասկաշատ երկիր դառնա:
-Ինձ թվում է, արքադ իմ մեծ,-
Գանձապահը գլխին զոռեց,
-Անտառ ու ծառ պետք է ջարդել,
Ցանք ու այգի փորել-հարթել,
Թողնել անտեր ու անմշակ,
Տատասկ կաճի այն ժամանակ:
Կշենանա երկիրը մեր,
Դե եկ նստիր ու հանգիստ կեր:
-Համ էլ գիտե՞ք,-ջորին խնդաց,
Ծանր բեռը թե որ գնաց,
Մեր մեջքից է գնում-կորչում,
Անբեռ կապրենք մենք աշխարհում:
+++
Մինչև սրանք խորհուրդ արին,
Մյուսները այս բոլորին
Տեղյակ դարձան մի հնարքով,
Կռվի ելան զենք ու զորքով,
Կռվի ելան, ու էշն ընկավ,
Նորից խոսքը աղվեսն առավ.
-Ախ այդ էշը, վախ, այդ էշը,
Այդ ապիկար զըռն ու գեշը
Արքա լինե՞լ մեր անտառում…
Դե հիշո՞ւմ եք, ես իմ ճառում
Ինչպե՞ս էի փետում նրան:
Չէի՞ ասում կորցրեք դրան
Էշից արքա՞, վայ մեզ, վայ մեզ…
-Դե հերիք է փետես դու քեզ,
Ես ինքս էի այդպես պնդում
Ի՞նչ ես խոսքս նորից կրկնում.-
Ասաց արջը փնթփնթալով,
Գայլը տեղից ելավ լալով.
-Չլսեցիք աղաչանքս,
Իզուր կորան ճիգ ու ջանքս,
Չէի՞ ասում էշը ի՞նչ է,
Անփառունակ ու ոչինչ է:
-Ես էլ էշին էշ եմ ասել,
Անճոռնի ու գեշ եմ ասել,
Թե արև եմ ասել մեկի,
Որ ելնում է ամեն ծեգի,
Առյուծ հորն եմ ես ակնարկել,
Կեցցե ասել ու վանկարկել…
-Ձենդ, շլդիկ, դու կեղծավոր,
Լռիր և դու, թավ պոչավոր,
Լսեք ինձ, գայլ և դու՝ բրդոտ,
Ձեզ բոլորիդ հազար ամոթ:
Եթե կուզեք՝ էշից էլ շուտ
Պետք է կտրել ձեր քոքը սուտ…
-Պետք է կտրել, այն էլ՝ իսկույն,-
Վագրի խոսքը բերնից առնում,
Աղմկում են թռչուն, գազան:
-Թող ձայն հանի առյուծ արքան:
-Շատ արդար է պահանջը ձեր,-
Խոսեց, զեղեց առյուծը ծեր,-
Ամենից շատ ատում եմ ես
Այն կենդանուն, որ ջրի պես
Ձևն է փոխում ամանի հետ,
Սեփականը չունի երբեք:
Ինչ մնում է ձիուն, ջորուն,
Ես բնավ էլ չեմ զարմանում,
Ով որ դրանց ղեկ է տվել,
Հենց նրան էլ պետք է դատել:
Դե, ի՞նչ ասեմ էշի մասին,
Որ տատասկ է ուտում ճաշին:
Թե զռռանը գահին մնար՝
Հողը միայն տատասկ կտար:
Տավուշ, Բերդ, 1994թ.
Արտաշես Փալանդուզյան- 1927-1996թթ․
Մանան Ուզունյանի ՖԲ էջից։




