Շուշի
Շուշի՛,
իմ սիրտը բաբախում էր
պարիսպներիցդ թռչող համազարկերի ռիթմով,
ինչպես այն հեռավոր իննսուներկուսին,
երբ կանչիդ անսացի
որպես ազատության զինվոր:
Շուշի՛,
ականջներիս մեջ որքան ղողանջեն
Սուրբ Ղազանչեցոց գավթի զանգերը
և արձագանքվեն բջիջներիս մեջ,
միտքս կճախրի պարիսպներդ ի վեր,
կձուլվի հերոս այն տղաներին,
որ ժայռերիդ պես երկինք լեռնացել,
դարձել են վահան քո մասունքներին:
Շուշի՛, առանց քեզ
ես մի արծիվ եմ, որ չունի թևեր,
թևատված են իմ բոլոր երազներն …
Քեզնով մեկնարկած երթը մեր կամքի,
նման կլինի ա՛յն հավատամքին,
որը ի ծնե հիվանդ մանուկ է
և սպասում է Տիրոջ հրաշքին:
Առանց քեզ, Շուշի՛,
կարծես էլ չկա ասքն այն մոգական,
որ հյուսեց սերունդը իննսուներկուսի:
Կարծես էլ չկա այդ սերունդն անգամ …
Սակայն կա՛ն նրանք,
Դեռ կգա՛ն նրանք …
Շուշի՛,
Նրանց կտեսնես դու
այրիացած հայոց մայրերի
երկինք բարձրացող մրմունջների մեջ,
հայացքների մեջ այն տղաների,
որ քեզ կնայեն շիրմաքարերից,
և կզգաս, Շուշի՛,
որ հայացքներն այդ հարազատ են քեզ:
Նրանց կտեսնես
այն պատանեկան այրվող աչքերում,
որ կխոյանան պարիսպներդ ի վեր՝
որպես չխամրող փառքիդ ծաղիկներ:
Վարդան Պետրոսյան
15. 11. 2020 թ.
Գառնի