Փաշինյանը փորձելու է զսպել պոտենցիալ դիմադրության օջախներ հանդիսացող մարդկանց և ուժերին. Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկությունն իր բնույթով պատժիչ-ռեպրեսիվ գործողություն էր. երեխաները շատ շփոթված էին, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Պատկերացրեք՝ դուռը Ռոբերտ Քոչարյան կրտսերն է բացել։ Լևոնի կինը փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է՝ Սփայդեր մենն է եկել։ Ինձ համար իրավաչափության տեսակետից բացարձակ արդարացված չի կարող համարվել ԱԱԾ ալֆա ջոկատի ներկայությունը։ Դա ազդեցություն է երեխաների, հարևանների նկատմամբ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Լևոն Քոչարյանի բնակարանից վերջինիս հարսանեկան նվեր հուշամեդալներ են տարել։
Լևոն Քոչարյանն իր հերթին հավելեց, որ իրավապահները հեռախոսներ են տարել։
«Երեխաներին փորձում էինք հանգստացնել, բացատրել, որ դժվար չտանեն։ Ինչևէ, հերթական անհեթեթությունն է։ Այն մարդիկ և ուժերը, որոնք կարող են պոտենցիալ դիմադրության օջախներ դառնալ, Փաշինյանը փորձելու է զսպել։ Նույնը վերաբերում է եկեղեցուն, մեզ, Գագիկ Ծառուկյանին»,-ասաց Լևոն Քոչարյանը՝ զարմանք հայտնելով կատարվողի առնչությամբ միջազգային կառույցների քար լռության առնչությամբ։
Ըստ նրա՝ այս ամենը միանշանակ ավարտ է ունենալու, սակայն այս ճանապարհին Փաշինյանն իրեն հանցակից է դարձնում շատ այլ մարդկանց։
