Կիրակի, 23 Օգոստոս, 2026

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել

Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն քրգործ է հարուցել:

Կոմիտեից հայտնեցին, որ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

«Իրականացվում են անհետաձգելի վարութային գործողություններ, այդ թվում որոշում է կայացվել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,-ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ Իշխանություն լրատվականը գրել էր, որ Քննչական կոմիտեի վարչություններից մեկի պետի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին:

Ըստ կայքի, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։

Վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։ Դեպքից հետո նրա համար շտապօգնություն է կանչվել։

Ծեծվածի հարազատները «Իշխանությանը» պատմեցին, որ քննիչները «վրեժ» են լուծել ոստիկանից։ Մեկ օր առաջ նրա, քննիչների և մի քաղաքացու միջև վեճ է տեղի ունեցել, որը, փաստորեն, բարձր մակարդակով շարունակություն է ստացել Քննչականում:

Դեպքի մասին իմանալուց հետո ոստիկանի հարազատները հավաքվել են վարչության շենքի դիմաց, սակայն նրանց ներս չեն թողել։

Քննչական կոմիտեն, սակայան, հերքող հրապարակում է կատարել, մասնավորապես նշելով.

«2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ»,- գրել էր ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը:

Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության վերոնշյալ ծառայողը և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:

Ըստ ՔԿ-ի, ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Կիսվել