Ոչ ոք չէր սպասում, որ Ավետիք Չալաբյանն առաջին իսկ դատական նիստին ազատ կարձակվի

Ավետիք Չալաբյանը շատերի համար անսպասելի կերպով ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Բալայանը նրա նկատմամբ որևէ խափանման միջոց չկիրառեց։
Նշենք, որ պաշտպանական կողմն առաջարկել էր խափանման միջոց կալանքը փոխել՝ 15 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության մեջ։
Չալաբյանը 2 ամսով կալանավորվել է հունիսի 24-ին։ Նրա գործով դատական առաջին նիստին մեղադրող կողմը պնդում էր, որ դատարանն Ավետիք Չալաբյանի կալանքը 3 ամսով երկարացնի՝ մտահոգություն հայտնելով, թե քանի որ ըստ մեղադրական հոդվածների՝ Չալաբյանին սպասվում է 3-6 տարի ազատազրկում, հնարավոր է, որ նա, ազատության մեջ գտնվելով, փախուստի դիմի։
Փաստաբանները նշեցին, որ Ավետիք Չալաբյանը 2022 թվականին անցել է դատական գործով և չի խոչընդոտել նախաքննությանը կամ դատական որևէ գործընթացի։
Դատավոր Դավիթ Բալայանը, սակայն, հայտարարեց, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, նա կարող է ազատ արձակվել հենց դատարանի դահլիճից։
Մեղադրող կողմը ներկայացրեց ապացույցներ, որոնց վերաբերյալ փաստաբանները դատարանին առաջարկեցին 3 զննության և 2 փորձագիտական եզրակացության արդյունքները համարել անընդունելի, քանի որ Չալաբյանին վերագրվող տեսաձայնագրությունների աղբյուրներն անհայտ են։
Դատարանը նշեց, որ մեղադրող կողմը կարող է վճիռը բողոքարկել Վերաքննիչ դատարանում։
Դատարանի բակում Չալաբյանին էին սպասում նրա հարազատները, ընկերները, համախոհները, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները։
