Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«Մոռանալ հերոսական անցյալը». Վարդան Բալյան

Հայ ժողովուրդը, սակայն, վճռականորեն հրաժարվում է լսել իր մտավորականին, և այդ մասին է վկայում այն, որ պատմությունից դասեր քաղելու կոչերն սկսում են ավելի ու ավելի պոպուլյար դառնալ: Պատճառը հնարավոր է այն է, որ մտավորականը, ով կոչ է անում սովորել պատմությունից, հաջորդ պահին սկսում է հյուսել հայ ժողովրդի հերոսական անցյալի լեգենդը, գովաբանել ու փառաբանել մեր նախնիներին: Առհասարակ, մի բան է նախնիներին օբյեկտիվորեն գնահատելը, և բոլորովին այլ բան՝ նրանց գովաբանելը:

​Եկեք դադարեցնենք գովաբանել մեր նախնիներին և մեզ շատ պրագմատիկ հարց տանք` իսկ ի՞նչ են կտակել մեզ այդ նախնիները, ի՞նչ են թողել իրենց հետևից: Ոչինչ, ավելին քան ոչինչ: Որովհետև «ոչինչը» այն է, երբ դու պետք է սկսես զրոյից, իսկ մենք պետք է սկսենք չգիտեմ որ մինուսից, քանի որ մեր նախնիները մեզ թողեցին ընդամենը ցեղասպանությունների, նվաստացումների, դավաճանությունների և անբարոյականության այնպիսի պաշար, որը հաղթահարելը, ինչպես պարզվում է, դժվար է, չափազանց դժվար:

​Ես դատապարտում եմ մեր նախնիներին, անիծում եմ նրանց, որովհետև նրանք ոչինչ չարեցին, որպեսզի մենք այսօր ապրենք ավելի արժանապատիվ և ավելի հպարտ: Մեր նախնիները չհոգացին իրենց սերունդների մասին թեկուզ այնպես, ինչպես բնազդաբար հոգ են տանում կենդանիները: Ես դատապարտում եմ բոլոր նրանց, ովքեր գովաբանում են մեր նախնիներին, քանի որ դրանով նրանք ընդամենը զրկում են հաջորդ սերնդին արժանապատիվ ու հզոր հայրենիք ունենալու իրավունքից, մեզ՝ ապրողներիս, օժտում են ապագա սերնդին ոչինչ չկտակելու իրավունքով:

Փառաբանելով մեր նախնիներին՝ նրանք ընդամենը նոր թափ են հաղորդում այն ​​արատավոր գործընթացին, որի մեջ գտնվում ենք արդեն ավելի քան երկու հազար տարի սկսած այն ժամանակից, երբ Տիգրանը, ով Մեծ կոչվեց, իր թագը դրեց հռոմեական տեղապահի ոտքերի տակ, և ում դավաճանեց սեփական որդին մի պարզ պատճառով, որ չէր ստացել պրիմիտիվ դաստիարակություն՝ ժամանակակից հայ չինովնիկների լկտի լակոտների նման:

​ԵՍ ԱՆԻԾՈՒՄ ԵՄ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻՆ այն բանի համար, որ նրանք հնարավորություն տվեցին իրանական գավառական գիտնականին, որպեսզի նա, զբոսնելով Սպահան քաղաքի փողոցներով, մեզ բացատրի, թե շահ Աբասը Ջուղայից վտարել է հայերին այդտեղ, և կոչ արեց նրանց այդ վայրում քաղաք կառուցել: Ի՞նչ դաս կարող ենք քաղել այս պատմությունից: Ումանց այս պատմությունը հպարտություն է ներշնչում` «ուրեմն, հայերը շինարարներ են եղել» ասում են նրանք: Եվ ոչ ոք չի նկատում, որ այդ շինարարներին հոտի պես քշել են տեղից տեղ, և նրանց մի մասը մնացել է ճանապարհին՝ իրանական տափաստանները վերածելով «հայկական սրբավայրերի»։

​Ի՞նչ դաս կարող ենք քաղել մեր պատմությունից: Երբեմն ես հասկանում եմ այն ​​պատմաբաններին, ովքեր մեր ամոթալի ու նվաստացուցիչ անցյալը ցույց են տալիս հերոսությամբ լեցուն։ Նրանք մտածում են, որ իրական պատմությունը կարող է կոտրել, նվաստացնել մեզ: Բայց կեղծարարությունն ավելի մեծ ավերածություններ է բերում և թույլ չի տալիս, որ մենք կանգ առնենք ու կոտրենք մեր հազարամյա նվաստացումը: Եվ ուրեմն՝ ի՞նչ դաս կարող ենք քաղել մեր պատմությունից: Եկեք մոռանանք այն, եկեք ամեն ինչ իրոք սկսենք զրոյից, կարծես Աստված նոր է ստեղծել մեզ, և անցյալում ոչինչ չունենք։ Պատկերացնում եք՝ որքան հեշտ կլինի շնչելը:

Եկեք պատկերացնենք, որ Մեսրոպ Մաշտոցը նոր է ստեղծել մեր տառերը, որ Նարեկացին ապրում է մեր կողքին, միգուցե նաև Մխիթար Գոշը, Դավիթ Անհաղթը և ևս մի քանի հարազատներ՝ և ուրիշ ոչինչ։ Մնացածին թողնենք անցյալում, թող նրանք կտրեն, դավաճանեն միմյանց, վտարվեն, ենթարկվեն ցեղասպանության ու նվաստացման այնքան, որքան ուզում են: Եվ այս դեպքում մենք, հնարավոր է, կարողանանք իսկապես դասեր քաղել մեր պատմությունից, որովհետև այն արդեն մեր պատմությունը չի լինի։

Այս հոդվածը հրապարակվել է քսանմեկ տարի առաջ Հայկական ժամանակ թերթում, հեղինակը մի լրագրող էր, ով արդեն ութ տարուց ավելին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը։

Վստահ եմ, թերևս շատերն են կարդացել այս տողերը մինչև վերջ կամ մասամբ ու մոռացել։ Միաժամանակ վստահ եմ, որ այս տողերը կարդացել են Հայաստանից դուրս, այդ թվում` մեր անմիջական հարևան պետություններում։ Այս մեկերը, սակայն, կարդացել են մինչև վերջ ու մտապահել, մտապահել ու գործել։ Նրանք գործել են մեր անգործության պայմաններում, այսօր էլ գործում են, բայց արդեն մեր ներսում գեներացված աջակցության պայմաններում։ Ու ընթացքն այս անշեղորեն մոտենում է անդառնալիության ու անշրջելիության կետին։

Վարդան Բալյան, քաղաքագետ