Գյումրիի ընտրությունների օրակարգը կարող է շեղել ուշադրությունը Սյունիքում սպասվող գործընթացներից․ Կարապետ Պողոսյան

Եթե Գյումրիում արտահերթ ընտրություններ լինեն՝ դրանով քողարկելու են շատ ավելի կարևոր պրոցեսներ, օրինակ՝ Սյունիքում Ալիևի համար կարող են ինչ-որ նվերներ նախապատրաստել։ Նման կարծիք ունի գյումրեցի իրավապաշտպանը։
«Ես չեմ բացառում, որ գործող իշխանությունները գուցե արդեն ունեն պլանավորված ժամկետներ Գյումրիի նոր ընտրությունների անցկացման համար և այդտեղ են փորձում ճանապարհ հարթել իրենց թեկնածուի համար»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը՝ անդրադառնալով Մարտուն Գրիգորյանի ձերբակալությանը։
Նա նաև չբացառեց, որ գուցե այս ձերբակալությունը կապված է, օրինակ, ԲՀԿ-ի նկատմամբ իշխանությունների կողմից սանձազերծված գործողությունների հետ։
«Միայն մեկ բան կարող եմ ասել, որ ինչպես տասնյակ, հարյուրավոր մարդիկ այս տարի կալանավորվեցին միայն նրա համար, որ իրենք հակառակ են գործում, քան պետք է Նիկոլ Փաշինյանին, այդպես էլ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ իրականացվող գործողությունները, կարծում եմ, միայն հենց այդ քաղաքական գործոններից ելնելով են։
Որովհետև մենք այս ամբողջ տարվա ընթացքում տեսանք միմիայն քաղաքական պատճառներով ձերբակալություններ, շոուներ, մանիպուլյացիաներ։ Ամենացավալին արդեն այն է, որ հենց, երևի, ամենակարևոր աթոռը զբաղեցրած անձը նախապես տալիս է բռնությունների ալիքի ուղղությունը, բռնությունների ալիքի հիմնական խոսույթը, որոնց հիման վրա էլ սկսում են աշխատել իրավապահ մարմինները կամ դատարանները»։
Դիտարկմանը, թե Փաշինյանը պնդում և խոստանում էր Գյումրիում անցկացնել արտահերթ ընտրություններ, արդյոք այս պահին առկա է օրինական ճանապարհ, որը հնարավորություն կտա Գյումրիում անցկացնել ավագանու արտահերթ ընտրություններ, Պողոսյանը պատասխանեց, որ Փաշինյանին երբեք էլ օրինական հիմքեր պետք չեն եղել։
«2019 թվականին, երբ որ ինքը փակեց դատարանները, որը ամենածանր հանցագործություններից մեկն էր արդարադատության նկատմամբ և ամենալուրջ արհամարհանքն էր ՀՀ Սահմանադրության նկատմամբ, հետևաբար, սպասել, որ Փաշինյանը օրենքի շրջանակում, օրենքից բխող գործողություն կանի՝ միամտություն է։
Եթե դա իրենց պետք է, եթե իրենք արդեն որոշել են և ունեն թեկնածու, որոշակի նախապատրաստություններ են տեսնում, միանշանակ, կգտնեն նաև իրենց արդարացումները։ Փաշինյանն ինքը օրենքով չի եկել իշխանության, օրենքով չի պահել իշխանությունը, հիմա որքան էլ տարբեր թվեր նկարել, միևնույն է, սկսած 2018 թվականի մայիսից՝ ինքը ոչ մի գործողություն չի արել օրենքի շրջանակներում»։
Նա նաև հիշեցրեց, թե ինչպես Փաշինյանը նախորդ անգամ ստիպեց Գյումրիի ընտրված համայնքապետ Սամվել Բալասանյանին հրաժարականի դիմում ներկայացնել՝ ձերբակալելով նրա որդուն և մյուս հարազատներին, հետախուզումներ ու քրեական գործեր հարուցելով։
«Հիմա էլ, եթե իրենք որոշում ունեն, որ պիտի անդրադառնան Գյումրիին, կարծում եմ, դա կանեն երկրում իրականացվող առավել կարևոր ինչ-որ պրոցեսից առաջ՝ մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Օրինակ՝ կարող է այդ ընթացքում Սյունիքում իր շատ սիրելի Ալիևի համար նվերներ նախապատրաստի։
Եթե հիշում եք՝ 2025 թ.-ին էլ Գյումրիի ընտրությունները դարձրեցին երկրի թիվ մեկ օրակարգ, բոլորի ուշադրությունը դրա վրա հրավիրեցին, փոխարենը ընդդիմությանը շեղեցին այն ժամանակ առավել կարևոր օրակարգից՝ Փաշինյանին հեռացնելու օրակարգից։ Այս անգամ էլ, եթե նման ընտրություններ լինեն, դրանով փորձելու են տեղեկատվական աղմուկ ստեղծել՝ առավել կարևոր պրոցեսներ քողարկելու համար»,- ասաց Կարապետ Պողոսյանը։
Աղբյուր՝ Փաստինֆո
