Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Մեքքայի պաշտպանական դաշինքը  Թեհրանի դեմ ուղղված զսպման միջո՞ց, թե՞ ներքին անվտանգության կառուցակարգ  

  Գրիգոր Առաքելյան 2

Ակնհայտ է, որ Մեքքայում երեք կարեւոր իսլամական տերությունների միջեւ  նոր պաշտպանական դաշինքը  ստորագրվել է այնպիսի պայմաններում, երբ Իրանի եւ ԱՄՆ-ի պատերազմից հետո տարածաշրջանը կանգնած է անվտանգության նոր ճգնաժամի առաջ։

Թեեւ համաձայնագիրը պաշտոնապես ուղղված չէ որեւէ երկրի դեմ, դրա ստորագրման ժամանակը՝ Պարսից ծոցի երկրների՝ Իրանի հրթիռային կարողությունների եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերի վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին, անխուսափելիորեն ուշադրությունը սեւեռում է Թեհրանի վրա։

Օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի, Պակիստանի եւ Թուրքիայի ղեկավարներն ստորագրել են նոր պաշտպանական դաշինք, որի համաձայն՝ «երեք երկրներից որեւէ մեկի դեմ ցանկացած զինված հարձակում համարվելու է հարձակում բոլոր երեքի դեմ»։

Դաշինքում Իրանը թշնամի չի ճանաչվում, եւ այն չպետք է  նախապես դիտարկել որպես հակաիրանական դաշինք։ Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբանների կարծիքով, դրա ուղերձը Թեհրանի համար բավական հստակ է։

Ստորագրման վայրի անվամբ «Մեքքայի համատեղ պաշտպանական դաշինք» կոչվող փաստաթուղթը կնքվել է այնպիսի իրավիճակում, երբ Իրանի դեմ պատերազմի վերսկսման վտանգը դեռ պահպանվում է։

Սաուդյան Արաբիան այս դաշինքում  հակակշիռ է տեսնում Իրանի նկատմամբ, իսկ Պակիստանը՝ Հնդկաստանի։ Թուրքիայի համար, սակայն, պատկերը մի փոքր այլ է։

Անկարայի տեսանկյունից մեծ տնտեսական ներուժ ունեցող եւ միջուկային կարողություններով օժտված երկրի ներգրավումը մեծացնում է Թուրքիայի զսպման հնարավորություններն Իսրայելի նկատմամբ։ Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Իսրայելի ղեկավարներն ավելի հաճախ են խոսում Թուրքիայի հետ առճակատման եւ հնարավոր բախման մասին։

Վերլուծաբանների գնահատմամբ, այս դաշինքը  երեք երկրների փորձն է՝ Իրանի դեմ պատերազմի հետեւանքով ստեղծված ճգնաժամից հետո վերաիմաստավորելու եւ վերաձեւավորելու իրենց դիրքերը տարածաշրջանում։

Դաշինքի տեքստի  հրապարակումից հետո առաջին արձագանքներից մեկը ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի հետ դրա համեմատելն էր։ Այդ դրույթը սահմանում է, որ անդամներից մեկի վրա զինված հարձակումը համարվում է հարձակում ամբողջ դաշինքի վրա։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջեւ Մեքքայի համատեղ պաշտպանական դաշինքը տեխնիկական առումով նման է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին՝ կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի տեսանկյունից։ Նրա խոսքով, համաձայնագրի նպատակն է նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանը։

Խոսելով ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի տրամաբանության մասին՝ Ֆիդանն ասել է, որ դաշինքի հիմնական զսպող ուժը պաշտպանական բնույթ ունի։ Դրա ուղերձը, ըստ նրա, հետեւյալն է. «Եթե հարձակվեք ինձ վրա, իմ տրամադրության տակ ունեմ մեծ պաշտպանական դաշինքի ուժ»։

Թեհրանի արձագանքը

«Մեքքայի պաշտպանական դաշինքի» ստորագրումն  Իրանում տարբեր արձագանքների արժանացավ։

Իրանական որոշ դիտորդներ համաձայնագրից հետո կոչ արեցին ընդլայնել համագործակցությունը մահմեդական երկրների միջեւ եւ նույնիսկ առաջարկել տարածաշրջանային դաշինք ստեղծել Իսրայելի դեմ։
Սակայն Իրանում շատերն էլ կարծում են, որ այս նոր դաշինքը, ի վերջո, կարող է ուղղված լինել նաեւ Իրանի դեմ։

Այս մտահոգությունն ավելի է հիմնավոր դառնում այն պատճառով, որ համաձայնագիրը ձեւավորվել է Իրանի եւ ԱՄՆ-ի վերջին պատերազմի ֆոնին։ Այդ պատերազմի ընթացքում Իրանը հարձակվել էր Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի այլ երկրների ուղղությամբ՝ այդ գործողությունները ներկայացնելով որպես պատասխան ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանի ռազմակայաններից իրականացված հարձակումներին։

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ ծավալված հակամարտությունը որոշ ժամանակ անց տարածվեց նաեւ լիբանանյան ուղղությամբ, իսկ այժմ, ըստ զարգացումների, այն հասել է նաեւ Եմեն եւ Բաբ էլ-Մանդեբի նեղուց։

Մեքքայի դաշինքի  վերաբերյալ Իրանի առաջին պաշտոնական արձագանքը հնչեց Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի անդամ Էբրահիմ Ռեզայիի կողմից։ Նա «X» սոցիալական ցանցում գրել է, որ «արտաքին համաձայնագրերին ապավինելը Ռիադի համար անվտանգության փրկության ճանապարհ չի ստեղծի»։  Ռեզային հավելել է. «Սաուդցիները պետք է հասկանան, որ Թուրքիայի եւ Պակիստանի հետ թղթի վրա կնքված համաձայնագիրը նրանց անվտանգություն չի ապահովի, ինչպես որ տարիներ շարունակ ամերիկացիներին ապավինելը նույնպես չերաշխավորեց նրանց անվտանգությունը»։

Նա նաեւ զգուշացրել է.  «Փոխեք ձեր քաղաքականությունը, որպեսզի ստիպված չլինեք ուրիշներից անվտանգություն աղերսել»։

Սակայն Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, առանց ուղղակիորեն անդրադառնալու Մեքքայի դաշինքին, հարեւան երկրներին հասցեագրված  ուղերձում կոչ է արել վարել «ինքնաբավության» քաղաքականություն եւ տարածաշրջանում որդեգրել «իրական եղբայրության» վրա հիմնված մոտեցում։

Միաժամանակ նա ընդգծել է, որ այս համաձայնագիրը չի կարող զսպել Իրանին, եւ որ Իրանի զինված ուժերն ունակ են դիմակայելու «աշխարհի ամենազարգացած ռազմական տերություններին»։

Դիմելով մահմեդական երկրներին՝ Արաղչին նաեւ ասել է. «Ժամանակն է, որ մենք ապավինենք միայն ինքներս մեզ եւ որդեգրենք իրական եղբայրության մոտեցումը»։
Ավելի ուշ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ներկայացրեց Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական դիրքորոշումը Մեքքայում ստորագրված փաստաթղթի մասին, հետեւյալ ձեւակերպմամբ՝ «Ոչ մի պատճառ չկա անհանգստանալու, որ այս դաշինքն  ուղղված է Իրանի դեմ»։

Դաշինքի հակաիրանական ուղղվածության մասին մտահոգությունները փարատելու համար իր տեսակետն է հայտնել նաեւ Իրանի նախկին արտգործնախարար  Մոհամմադ Ջավադ Զարիֆը եւ անդրադարձել իսլամական երկրների միջեւ համապարփակ պաշտպանական պայմանագրերի անհրաժեշտությունը։

Քաթարում, Լիբանանում եւ Հորդանանում Իրանի նախկին դեսպան Մոհամմադալի Սոբհանին, «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում Թուրքիայի, Պակիստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ   կնքված դաշինքը գնահատել է ոչ թե որպես Թեհրանի դեմ ուղղված զսպման միջոց, այլ իբրեւ  ներքին անվտանգության կառուցակարգ ձեւավորելու հնարավորություն եւ Իրանի ու ԱՄՆ-ի միջեւ ընթացող հակամարտությանը վերջ դնելու հիմք։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ