Հանրությունը կտեսնի, թե ինչ տեմպով ենք աշխատեցնելու եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը. Նարեկ Կարապետյան

ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի վերջին նիստերի հաճախականությանը նայելով՝ կհասկանաք, թե երբ է այն պարապուրդի մատնված եղեդլ։ Վերջին 5 տարվա ընթացքում գրեթե պարապուրդ է եղել, հանձնաժողովը տարին մեկ-երկու անգամ է հանդիպել, եթե, իհարկե, հանդիպել է, լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Մենք ակտիվացնելու ենք աշխատանքային պրոցեսը, մեր հանրությանը ցույց ենք տալու, որ իրական դիվերսիֆիկացիա ենք ուզում բերենք։ Ի՞նչ է դա նշանակում. իրապես Եվրոպայի հետ առևտրաշրջանառության աճ, եվրոպական ինստիտուտների տեղայնացում։ Ակտիվ աշխատեցնելու ենք, որ մեր ժողովուրդն էլ տեսնի՝ մի կողմի հետ հարաբերությունների լավարկումը սխալ է։
Մենք տեսնում ենք, որ Հայաստանը պետք է ունենա մի քանի գործընկեր, որ տնտեսությունը կայուն լինի։ Այդ պատճառով դուք կտեսնեք, թե ինչ տեմպով ենք աշխատեցնելու այդ հանձնաժողովը»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Հարցին՝ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովում որոշված թեկնածու արդեն կա՞, վերջինս դրական պատասխան հնչեցրեց, սակայն անուն առայժմ չտվեց։
«Թեկնածուների ներկայությունը պետք է օգնի մեր ազգային հարցերն առաջ քաշելու համար, այդ մարդիկ պատրաստ են ամենօրյա աշխատանք անել՝ ակտիվացնելու այդ հանձնաժողովը, որ Եվրոպայի հետ նախ դատական համակարգի աշխատանքը լավանա, առևտրաշրջանառությունը լավանա»,- ասաց Կարապետյանը։
