Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Բաքուն ապօրինաբար բանտարկած մեր հայրենակիցների «պատիժն» անփոփոխ թողեց

Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր շարունակվել է   Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահահյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մեր մյուս հայրենակիցների վերաքննիչ բողոքների վերաբերյալ շինծու  դատական ​​նիստը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականին 9-ամսյա շրջափակման ենթարկած Արցախի վրա հարձակվելուց հետո,  առևանգել և ձերբակալել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և նրանց մեղադրել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով կատարված ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ»։

Բաքուն ապօրինաբար բանտարկած մեր հայրենակիցների վերաքննիչ բողոքը մերժել է և նրանց «պատիժն» անփոփոխ թողել։

Նշենք, որ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ դատարանի վերջնական որոշման կայացման պահին լրացել է նրանց 65 տարին, իսկ Ադրբեջանի օրենսդրությամբ արգելված է 65 տարին լրացած անձանց նկատմամբ կիրառել ցմահ ազատազրկում։