Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

1 մլն դոլար՝ հայկական դեսպանատներում Անկախության օրը նշելու համար

Փաշինյանի կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում որոշեց մեծ գումար տրամադրել հայկական դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ՀՀ անկախության 35-ամյակը նշելու համար։


Համաձայն հիմնավորման՝ ՀՀ անկախության 35-ամյակի շրջանակում՝ արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ներկայացված միջոցառումների առաջարկությունները նպատակ ունեն արժանապատվորեն նշելու հոբելյանական տարեդարձը, բարձրացնելու Հայաստանի միջազգային տեսանելիությունը, խթանելու երկրի դրական ընկալումը և նպաստելու երկկողմ քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական կապերի զարգացմանը։

Միջոցառումների գերակշիռ մասը ենթադրում է պաշտոնական ընդունելություններ։ Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել համերգներ, ցուցահանդեսներ, գրքերի և լուսանկարների ցուցադրություններ, ֆիլմերի ցուցադրություններ, գիտաժողովներ և թեմատիկ քննարկումներ, ինչպես նաև Հայաստանի պատմությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող միջոցառումներ։

Միաժամանակ, առաջարկվում է լայնորեն ներկայացնել հայկական խոհանոցը, գինեգործությունը, հայրենական արտադրանքը՝ դրանք ներառելով պաշտոնական միջոցառումների ծրագրերում՝ որպես Հայաստանի զբոսաշրջային և տնտեսական ներուժի ներկայացման լրացուցիչ գործիք։
Նախատեսվում է առանձնահատուկ շեշտադրել Հայաստանի Հանրապետության արդի ձեռքբերումների, խաղաղության օրակարգի, ժողովրդավարական զարգացման, ներդրումային և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացման, ինչպես նաև ակադեմիական, փորձագիտական և գործարար շրջանակների ներգրավման վրա։

Առանձին դեպքերում, առաջարկվում է միջոցառումները համատեղել բարձրաստիճան փոխայցելությունների, միջազգային համաժողովների կամ երկկողմ նշանակալի տարեդարձերի հետ՝ ապահովելով առավել լայն քաղաքական և հանրային արձագանք։

Օտարերկրյա պետություններում գործող 51 ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում նախատեսվում է իրականացնել լայնամասշտաբ միջոցառումներ, որոնց ծախսերը, նախնական հաշվարկով, կկազմեն մոտ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:

ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված նախագծով առաջարկվում էր ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳ նախարարությանը հատկացնել 800 հազար դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ տարբերությունը պետք է փոխհատուցվեր ՀՀ ԱԳ նախարարության միջոցներից:

Աղբյուր՝ yerevan.today