Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Խփիր օտարներին, որ յուրայինները վախենան. Հակոբ Բադալյան

Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի դիտորդ խորհրդի անդամները. պետական ընկերության ղեկավար կազմի մասին այս տեղեկությունները ևս չեն տրամադրվել «Ազատությանը»․ ըստ «Հայփոստ»-ի՝ դրանք անձնական տվյալներ են»։ Այս մասին հայտնում է Ազատություն ռաիոկայանի ռեպորտաժը։

Ռադիոկայանը փորձել է պարզել, թե ովքեր են պատգամավոր Կոնջորյանի տիկնոջը նշանակել Հայփոստ պետական ընկերության ղեկավար, հետն էլ՝ ամսական մոտ 3,6 միլիոն դրամ աշխատավարձ։ Ընկերության, որն այդ բարձր վարձատրվող տնօրենի պաշտոնավարման շրջանում աշխատում է վատացած ցուցանիշով։

Ու պարզվում է, որ պետական, կրկնեմ՝ ՊԵՏԱԿԱՆ ընկերության դիտորդ խորհրդի անդամների անունները հրապարակելի չեն, որովհետեւ անձնական տվյալ են։ Դա ոչ թե անձնական տվյալ է, այլ անսահման ցինիզմ, որով կառավարող ուժը պարզապես ծաղրում է Հայաստանի քաղաքացիներին՝ «հերոս հարկատուներին»։ Ինչպե”ս կարող է պետական ընկերության կառավարման համար պատասխանատու որեւ կառույց, որեւէ ինստիտուտ լինել հանրության համար անհայտ։

Պարզվում է՝ կարող է, եթե դրան դեմ չէ օրինակ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի վերաբերյալ ստուգումների ցուցումներ է տալիս միայն այն դեպքում, երբ դա պարունակում է ընդդիմությանը թիրախավորելու հնարավորություն, ընդ որում անկախ այն բանից, թե որքան հիմնավոր եւ իրավաչափ են այդ ցուցումներն ու հայտարարությունները։

Իսկ ահա մեծամասնության պատգամավորի կամ նրան կապակցված անձի դեպքում՝ այդպիսի ցուցումներ չկան, որովհետեւ չկա որեւէ քաղաքական ռիսկ։ Ավելին, եթե կա կոռուպցիոն ռիսկի թեմա, ապա դա հենց բացառում է քաղաքական ռիսկերը, որովհետեւ պատգամավորն ի վերջո տեսնում է, թե ինչ է լինում նրանց հետո, ովքեր համարձակվում են չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի մոտեցումների հետ։

Եվ այդ իմաստով, ի դեպ, նախօրեին Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների բուն թիրախը եւ նպատակը՝ հենց իշխանության ներսում գտնվողներին լսեցնելն էր, թե ինչ կլինի նրանցից յուրաքանչյուրի հետ, եթե հանկարծ մտածեն իր հետ չհամաձայնելու եւ այն էլ այդ անհամաձայնությունը որեւէ կերպ դրսեւորելու մասին։ Այլ կերպ ասած, Փաշինյանի նախօրեի ելույթը բոլորովին էմոցիա չէր, որքան էլ էմոցիոնալ էր։ Ընդամենը պրագմատիկ ազդակ, որ նա անուղղակիորեն հղում էր ներիշխանական միջավայրին։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան