Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանը չէ. կառավարությունը՝ առավել ևս. Դավիթ Անանյան

Լիպարիտ Դրմեյանին ճանաչում եմ որպես բարձրակարգ մասնագետի, սկզբունքային մարդու և հայրենասերի, ում համար պետական ծառայությունը երբեք որևէ իշխանավորի անձնական կամքին ծառայել չի նշանակել։ Նա ծառայել է Հայաստանի Հանրապետությանը, օրենքին և պետական շահին։
Այսօրվա հրապարակային հարձակումը պատահական չէ։ Այն հաջորդում է Լիպարիտի քաղաքական ակտիվությանը և Սահմանադրական դատարանում մեր ներկայացրած այն փաստարկներին, որոնք բացահայտում էին ՔՊ-ի կողմից ընտրությունների ընթացքում կիրառված ֆինանսական, վարչական և ռեպրեսիվ գործիքները։
Իրավական պետությունում նախ լինում են փաստերն ու ապացույցները, հետո՝ քննությունն ու դատարանի որոշումը։ Փաշինյանի կառուցած համակարգում հակառակն է․ նախ հրապարակային դատավճիռն է հնչում, հետո իրավապահներին հանձնարարվում է այդ դատավճռի համար «հիմքեր» գտնել։
Սա արդեն մեկ մարդու դեմ ուղղված հարձակում չէ։ Սա ուղերձ է պետական համակարգի բոլոր բարեխիղճ մասնագետներին՝ ով կծառայի պետությանը, այլ ոչ թե իշխանության ղեկավարի կամքին, կարող է վաղը հայտարարվել «տրոյական ձի» և հայտնվել իրավապահ համակարգի թիրախում։
Համաձայն եմ Լիպարիտի հետ։ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանը չէ։ Կառավարությունը՝ առավել ևս։ Իսկ մենք գործադրելու ենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի իրավունքն ու արդարությունը իրենց խոսքն ասեն:
Դավիթ Անանյան, պետական գործիչ, տնտեսագետ
