Իրանական կողմը ոչ պակաս հետաքրքրված է այս գործի արդար հանգուցալուծմամբ. Ծառուկյանի աջակիցները նամակ հանձնեցին դեսպանին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցներն այսօր Իրանի դեսպանին նամակ փոխանցելու մտադրությամբ հավաքվել էին Հայաստանում Իրանի դեսպանատան շենքի դիմաց։
Ինչպես հավաքվածներին տեղեկացրեց ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը, նամակը հանձնվել է դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյային։
«Իրանի դեսպանությունը հավաստիացրեց, որ առաջին օրվանից հետևում է այս գործընթացին, և դրա հետ մեկտեղ հավաստիացումներ ստացանք, որ այս գործը լինելու է Իրանի ուշադրության ներքո, և իրենք տեղյակ են ու հետևողական են լինելու բոլոր գործընթացներին։
Իմ կողմից ավելացնեմ, որ այո՛, երկու սրիկաների, երկու խարդախների, երկու խուժանների երեսից ոչ մի պարագայում չպետք է առաջին հերթին տուժի Գագիկ Ծառուկյանի բարի համբավը։ Այո՛, սրիկաներն ու խարդախները չունեն ազգություն։ Մեր վերաբերմունքը դեպի եղբայրական ժողովուրդը չի փոփոխվում, և դեսպանատանը լսած խոսքերը հաստատեցին, որ իրանական կողմը ոչ պակաս հետաքրքրված է այս գործի արդար հանգուցալուծմամբ»,- ասաց Արման Աբովյանը։
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Լուիզա Սարգսյանն իր հերթի հավելեց՝ դեսպանատանն իրենց հավաստիացրել են, որ ուշի ուշով հետևում են Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին և ակնկալում են արդար հանգուցալուծում։
«Հավաստիացրեցին, որ նամակը հենց այսօր կփոխանցվի պարոն դեսպանին։ Հուսանք՝ դիվանագիտական կորպուսն իր խոսքը կասի այս գործընթացի վերաբերյալ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ կալանքում գտնվող Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեջ։ Ըստ իրավապահ մարմինների՝ վերջինս կազմակերպել է իրանցի գործարարներից ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակություն։ Ծառուկյանի փաստաբանները հակառակն են պնդում՝ հայտարարելով, որ իրանցիներն իրենք են պարտք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին, ինչը հաստատող մուրհակներ կան։
Ծառուկյանի պաշտպանական կողմի պնդմամբ՝ Իրանում նույն անձինք դատապարտվել են հենց այս գործով և պարտավոր են խոշոր գումար վճարել Ծառուկյանին։
