Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի մասին հասարակությանը հստակ տեղեկատվություն տրամադրելով և մահվան դեպքերը բացառող գործուն քայլերով պետք է բանակի հանդեպ հասարակության վստահությունը բարձրանար։ Փաստացի, գործելաոճը չի փոխվել, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նախօրեին ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքին։
Հիշեցնենք՝ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին ՊՆ-ն մինչ այս պահը պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տարածել, և միայն Քննչական կոմիտեն է տեղեկացրել, որ ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մարմինը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել։
«Մենք նախկինում էլ տեսնում էինք, որ ՊՆ-ն շատ հաճախ կա՛մ կոծկում էր, կա՛մ նույնիսկ չէր հաղորդում մահվան դեպքերի մասին՝ խուսափելով առաջնային աղբյուր հանդիսանալ։ Մենք այդ դեպքերի մասին տեղեկանում էինք կա՛մ այլ աղբյուրներից, կա՛մ լուրերի թողարկումից։ Սա լրջագույն խնդիր է, և ցավոք սրտի, մենք այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չտեսանք։
Եվ եթե հասարակությունը նախկինում շատ ավելի զգայուն էր բանակում մահվան ցանկացած դեպքի նկատմամբ, և բողոքի ալիք էր բարձրանում, ապա այժմ նման դեպքերը դարձել են շատ սովորական մի բան։ Հասարակության առջև ՊՆ-ի հաշվետվողականությունը շատ ցածր է, և ստացվում է այնպես, որ բանակում մահվան դեպքերը որևէ ազդակ չեն հանդիսանում համակարգի համար, որպեսզի լինի խորքային հետազոտություն և գործուն քայլերի մշակում։
Իսկ այն հանգամանքը, որ ՔԿ-ի հաղորդագրության մեջ նույնիսկ մահացած զինծառայողի անունը նշված չէ, սա հարգանքի բացակայություն է զինծառայության մեջ և պետության հոգածության ներքո գտնվող անձի նկատմամբ։ Մինչդեռ պետությունը պետք է խիստ զգայուն լինի զինծառայողների, նրանց կյանքի և առողջության իրավունքի նկատմամբ»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ ինքնասպանությունները լրջագույն խնդիր են, որոնք խոսում բանակում տիրող բարքերի մասին։
«Ինչպե՞ս է ստացվում, որ անձը, գտնվելով պետության վերահսկողության ներքո, մի երկարատև ընթացք գտնվում է ծանրագույն հոգեվիճակում, մինչդեռ որևէ գործուն քայլ չի իրականացվում նրան հոգեբանական ծանր վիճակից հանելու համար, և վերջինս հասցվում է ինքնասպանության։ Միգուցե ինքնսպանության հասցնելն այս դեպքում շատ ավելի ծանր հանցագործություն է, որովհետև երկարատև պրոցես է, իսկ սպանությունը կարող է նույնիսկ անփութության արդյունք լինել, ոչ թեծառայակցին դիտավորյալ նվաստացնելու միտում»,- ամփոփեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ նախօրեին մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Հայ-Ռուսական համալսարանի ուսանող էր։ ԲՈՒՀ-ի ղեկավարությունն ու դասախոսական անձնակազմը, ի տարբերություն ՊՆ-ի, ցավակցություն էր հայտնել Նարեկ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին։








