Իմ խորին համոզմամբ՝ իշխանությունները չէին սպասում Գագիկ Ծառուկյանին այսպիսի լայնածավալ աջակցության գործընթացների, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արման Աբովյանը՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ իշխանության կողմից ադեկվատության իսպառ կորուստ կա։
«Սա միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող գործընթաց չի։ Այս պրոցեսները վերաբերում են բոլորին, որովհետև երբ բռնապետությունը, դիկտատուրան, փաշիզմը մտնելու են բոլորի տուն»,- ասաց Արման Աբովյանը։
Ըստ նրա՝ իշխանություւնը շատ լավ գիտի, որ վաղ թե ուշ սուսուփուս վերադարձնելու է այն ամենը, ինչ փորձում է բանդիտական մեթոդներով խլել։
Աբովյանը միաժամանակ շեշտեց՝ իր տվյալներով՝ ստեղծված իրավիճակում բազմաթիվ միջին և խոշոր ներդրողներ հրաժարվում են Հայաստանում ներդրումներ կատարելու ծրագրերից, իսկ որոշ գործարարներ փորձում են իրենց բիզնեսները դուրս բերել երկրից։
«Իսկ դա ինչ է. դա չվճարված հարկեր է, դա թոշակներ է, դա աշխատավարձեր է, դա ընտանիքներ են»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այս ամենը թելադրված է թուրքերի ու ադրբեջանցիների կողմից։
Նրա խոսքով՝ խնդիրն այն տասնյակ հազարավոր մարդիկ են, ում այսօր իշխանություններն առանց մի կտոր հացի են թողնում։
Արման Աբովյանն անդրադարձավ նաև Հիսուս Քրիստոսի արձանի նախագծին՝ նշելով, որ հստակ տեղեկություններ չունի, սակայն հույս ունի, որ Քրիստոսի արձանը և այն պրոյեկտները, որոնք ազգանվեր են, հայանպաստ են, գոնե ձեռք չեն տա։
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, որը Փաշինյանը խոստացել էր վերածել ծերանոցի, նա նշեց.
«Թող իրենց դաչեքը տան, որ այնտեղ, օրինակ, զինվորի վերականգնման կենտրոն լինի, կահավորանքն էլ Ծառուկյանը բանտից կանի, չկասկածեք»։
Անդրադառնալով կապարակնքված բիզնեսներին՝նա նշեց, որ իրավիճակը շատ արագ է փոխվում, ուստի այս պահին չի կարող հստակ ասել, թե հետագա զարգացումներն ինչ ընթացք կունենան։










