Այսօր անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։ Նրանց խոսքով՝ իրենք արդեն 6 տարի է, ինչ անհայտության մեջ են և այլևս չեն կարողանում դիմանալ այս սպասողական վիճակին։
«Շաբաթ օրը անհետ կորած զինծառայողների հարազատներով հավաքվել էինք մեր հետագա գործողությունները որոշելու համար։ Եկել ենք հետևյալ եզրահանգման. քանի որ արդեն 6 տարի մենք մեր իշխանություններից անհետ կորածների ճակատագրի հարցով որևէ դրական փոփոխություն չենք ունեցել, հույս էլ չունենք, որ կարող է ունենանք, մեծահոգաբար այսօրվա իշխանությանը մեկ շաբաթ ժամանակ ենք տրամադրում, որ անհետ կորածների հարցում որոշակի դրական դինամիկա ասեն։ Եթե այս մեկ շաբաթվա ընթացքում մեր այս պահանջին չեղավ պատասխան, մենք գտնելու ենք մեր խողովակները, լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի եղբայր և անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանում ևս կան իրենց կարգավիճակում գտնվող մարդիկ, որոնք դեռևս 1990-ականներից անհետ կորած հարազատներ ունեն։
«Մենք փորձելու ենք իրենց հետ փոխադարձ աշխատելու խողովակ գտնել՝ մենք այստեղ մեր ուժերով իրենց անհետ կործաների ճակատագրով հետաքրքրվենք, քանի որ իրենք չեն կարող գալ այստեղ, մենք էլ չենք կարող գնալ այնտեղ՝ մեր երեխաների ճակատագրով հետաքրքրվել։ Բայց այդ երեխաների ճակատագիրը չի կարող մնալ անվերջ անորոշ։
Մենք որոշել ենք՝ գնալու ենք Հակարի կամուրջ, փորձելու ենք Ադրբեջանի՝ այդ կարգավիճակ ունեցող մարդկանց հետ ցանկացած տարբերակով կոնտակտի դուրս գալ։
Կարծում եմ՝ ավտոերթով կգնանք Տեղ գյուղ, այնտեղից էլ դեպի Հակարի կամուրջ քայլերթով։ Ինչպես կստացվի այդ կոնտակտը, չի ստացվի՝ հիմա ոչինչ չեմ կարող ասել»,- ասաց նա։
Արսեն Ղուկասյանը միաժամանակ հիշեցրեց, թե հանդիպումներից մեկի ժամանակ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը։
«Փաշինյանն ասել է իր բերանով՝ Ալիևն ասել է չունեմ անհետ կորած։ Ծնողները ներկայացնում են փաստեր, տեսանյութեր, որտեղ երևում է փաստ, որ ադրբեջանցի զինվորը մեր երեխուն տանում է գերության։ Բայց Ալիևն ասում է՝ չունեմ։ Փաշինյանի համար Ալիևի «չունեմ»-ն ավելի հիմնավոր փաստ է, քան տեսանյութը։
Փաշինյանը նույնիսկ արտահայտություն է արել՝ «ասեմ ավելին՝ ինքը երդում կերավ», որ չունի։ Բոլորը ձեռք են քաշել, Արարատ Միզոյանը գերիների մասին ասեց՝ է , դե ծընգըլ արիք։ Այսինքն՝ այս հարցը մարդկանց համար ծընգըլ անելու թեմա է դարձել, հասկանում ենք, որ չեն զբաղվում։ Բայց 6 տարի անհայտության մեջ՝ չի կարելի»,- ասաց անհետ կորածի հարազատը։










