Թրիփը մեր երաշխիքն է, որ Թուրան չի լինելու։ Սա ասում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լեւոն Բարխուդարյանը։
Հիշեցնեմ, ի դեպ, որ հենց այս մարդն էր 1999 թվականի հոկտեմբերի 27–ին կանգնած խորհրդարանի ամբիոնին եւ պատասխանում էր պատգամավորների հարցերին, երբ դահլիճ ներխուժեց Նաիրի Հունանյանն իր խմբով։ Սա՝ իմիջայլոց։
Հիմա Լեւոն Բարխուդարյանը ասում է, որ Թրիփը Թուրանի բացառման երաշխիքն է։
Չգիտեմ, Բարխուդարյանն անկեղծ է մտածում այդպես, թե ոչ, բայց դրանից իհարկե չի փոխվում այդ մտածողության հանրային վտանգավորությունը։ Երաշխիք, որ Թուրան չի լինելու կամ չի լինի՝ նոյեմբերի 9–ի հայտարարության 9–րդ կետն էր։ Այն պարզ պատճառով, որ Թուրան չլինելը բխում է Ռուսաստանի շահից։ Հենց դրա համար էլ 9–րդ կետը տապալեցին նրանք, ում շահից բխում է Թուրանը՝ որպես աշխարհաքաղաքական պրոյեկտ, որը կձեւավորի բավականին զորեղ պլացդարմ Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի ու Իրանի «հետնաբակում»՝ Կովկասից մինչեւ Կենտրոնական Ասիա։
Եվ հենց այդ նույն ուժերը խթանեցին գործընթացը, որը հասցրեց Թրիփի։ Թրիփը՝ իր ներկայիս տեսքով ու բովանդակությամբ, հենց Թուրանի երաշխիքն է։ Այլ հարց է իհարկե, ծրագիրը իրականություն կդառնա՞, թե՞ ոչ։ Այդ հարցում անշուշտ այսպես ասած՝ թերեւս բարեբախտաբար չկան երաշխիքներ։
Իհարկե պատահական չէ, որ հիշատակում եմ հոկտեմբերի 27–ի հանգամանքը։ Ավելորդ է անշուշտ եւս մեկ ագամ արձանագրել, որ տեղի ունեցածը իհարկե Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը լինելով, նաեւ ըստ էության ամենաառեղծվածայինն է, միաժամանակ՝ ամենամեծ ծավալով մանիպուլյացիայի ենթարկվածներից մեկը։
Բայց ի՞նչ շրջափուլ էր հոկտեմբերի 27–ը։ Դա մի շրջան էր, երբ Միացյալ Նահանգների ակտիվությամբ փորձում էր առաջ մղվել արցախյան կարգավորման մի տրամաբանություն, որտեղ առանցքային դեր ուներ Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհի հարցը։ Այսպես կոչված Գոբլի ծրագիրը կամ պլանը հաճախ գնահատվում է իբրեւ զուտ փորձագիտական։
Ներեցեք, բայց սա ծիծաղելի է։ Այդ պլանը մատուցվում էր փորձագիտական մակարդակով, բայց այն քաղաքական ստրատեգիական հայեցակարգ էր, այս ամբողջ պատմությն մեջ գլխավո նպատակը, որին փորձ էր արվում ծառայեցնել Նահանգների ազդեցությունը եւ ուժը միջազգային հարաբերություններում։
2025–ին այդ հարցում հաջողվել է այն, ինչ չի ստացվել 1999–ին՝ տարբեր պատճառներով։ Ընդ որում, ես համաձայն չեմ նաեւ տեսակետին, թե չի ստացվել, որովհետեւ դեմ են եղել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, որոնց էլ դրա համար սպանել են։
Ի վերջո, եթե սպանել էին դրա համար, ապա սպանելուց հետո ծրագիրը կյանքի կկոչեին արագորեն, կամ թեկուզ՝ համեմատաբար արագորեն։ Իրականում, կատարվածը, ըստ իս, շատ ու շատ խրթին բան է, որի վերաբերյալ առավել հանգամանալից տեսակետ կարտահայտեմ թերեւս մի այլ հարմար առիթով։
Առայժմ արձանագրեմ, վերստին, որ Թրիփը չի կարող լինել Թուրանի բացառման երաշխիք, համեայն դեպս իր ներկայիս տեսքով, բովանդակությամբ ու տրամաբանութամբ, որ արձանագրված է հայ–ամերիկյան շրջանակային համաձայնագրում։ Թրիփը այդ տեսքով հակառակի՝ Թուրանի հեռանկարի փաստաթուղթն է։
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան











