Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել: Հանրապետական շտապօգնության ծառայությունը գիշերվա ընթացքում ստացել է 15 կանչ, որից 6-ն ավարտվել է հոսպիտալացումով: Հիմնական ախտանշանները՝ ինքնազգացողության վատացում, ջերմության բարձրացում, որովայնի շրջանում ցավ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Հոսպիտալացվածների առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացնում են անհրաժեշտ համաճարակաբանական ուսումնասիրությունները և հակահամաճարակային միջոցառումները։
Այս պահին կատարվում են դեպքերի համաճարակաբանական հետազոտություն, նմուշառում և լաբորատոր հետազոտություններ՝ հիվանդության հավանական աղբյուրը և փոխանցման գործոնները պարզելու նպատակով։
Լաբորատոր և համաճարակաբանական հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն աղիքային վարակի պատճառի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։










