Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Էդգար Ղազարյանի քրոջն աշխատանքից ազատելը քաղաքական դրդապատճառներ չունի։
««Դեղերի փորձագիտական կենտրոն»-ը ՓԲԸ-ից վերածվել է ՊՈԱԿ-ի, փոխվել է ամբողջ հաստիքացուցակը։ Սրա հիման վրա աշխատանքից ազատվել են մի շարք աշխատակիցներ։ Տիկին Ղազարյանն այլ կարծիք ունի իր աշխատանքային իրավունքների մասին. մենք ապրում ենք իրավական պետությունում, կարող է գնալ դատարան, մենք կներկայացնենք մեր տեսակետը»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Ըստ նրա՝ եթե քաղաքական հայացքների համար որոշումներ կայացներ՝ այս որոշումը հինգ տարի չէր հետաձգի, կիրականացներ ավելի վաղ։
«Կխնդրեմ անիմաստ մանիպուլյացիաներ չանել»,- հավելեց Ավանեսյանը։
Հիշեցնենք, որ Լիլիթ Ղազարյանն ավելի վաղ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում պնդել էր՝ իրեն աշխատանքից ազատել են եղբոր քաղաքական հայացքների պատճառով։










