Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։
*Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է անցկացվել։ Ուղերձները տեսնում եք կից լուսանկարից։ Այնտեղ Հայաստանի քարտեզն է, որի տարածքը Բաքուն համարում է «Արևմտյան Ադրբեջան»։ Սա ոչ այլ ինչ է, քան Բաքվի` «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» հակահայ ծրագրի սպասարկումը` գործողության մեջ։
Հավաքվել են պատգամավորներ, ՏԻՄ ղեկավարներ ու մեր քարտեզի ներքո «փարթի» արել զուռնա-դհոլով։
Ադրբեջանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ միջոցառումը կազմակերպվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի և Գյոյգյոլի շրջանի գործադիր իշխանության համատեղ նախաձեռնությամբ։ Փառատոնի նպատակն էր պահպանել Արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգությունը, ազգային-հոգևոր արժեքներն ու հիշողությունը, ինչպես նաև փոխանցել դրանք ապագա սերունդներին»։
*ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. նշվում է, որ միջոցառման շրջանակում ելույթ են ունեցել «Իրևան մարզական ակումբի մարզիկները», իսկ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի վարչության նախագահ, պատգամավոր Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ կազմակերպությունը միավորում է միլիոնավոր հայրենակիցների, որոնք ենթարկվել են տեղահանությունների և էթնիկ զտումների, ինչպես նաև նրանց ժառանգներին» և որ «համայնքի նպատակն է ապահովել մարդկանց ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ»։
*Ադրբեջանցի պատգամավորը նաև ընդգծել է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` 2022 թվականի դեկտեմբերի 24-ի ելույթը կարևոր քաղաքական աջակցություն է եղել այդ գործընթացի համար»։ Այս հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ Բաքուն ամենաբարձր` պետական մակարդակով, զավթողական նկրտումներ ունի ու սա է իրականությունը, որը ձեզնից թաքցնում է ՔՊ-ական իշխանությունը։
Հիշեցնեմ` երկու օր առաջ նույն օրակարգով փառատոն էր անցկացվել Նախիջևանում։
Տաթև Հայրապետյան, ադրբեջանագետ










