Եթե մարդը գնացել, փող է բաժանել, մանդատագողությամբ է զբաղվել, էլ ինչպե՚՞ս պետք է խոսի իր ընտրողների մասին։ Եվ այդքանից հետո դեռ մտածում է, որ մարդիկ պետք է դուրս գան, կանգնեն իր կողքը, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով «Ուժեղ Հայաստան»-ի մասին։
«Ինչի՞ կողքը կանգնի ՀՀ քաղաքացին. Հայաստանը պատերազմի մեջ ներքաշելու օրակարգի՞։ Կարծում եմ՝ նրանք ներուժ չունեն, բովանդակության մասին էլ խոսել չենք կարող։ Պարզից էլ պարզ է՝ ում հետ գործ ունենք։ Պատերազմի եռագլուխ ընդդիմությունը ջախջախվել է և ջախջախվելու է նաև առաջիկա խորհրդարանում, եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ։ Մենք նրանց քաղաքականապես ջախջախելու ենք»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Ճեպազրույցին ներկա ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Ալխաս Ղազարյանն էլ իր հերթին հավելեց՝ Հայաստանը փրկվել է իշխանազավթումից։
«ՀՀ քաղաքացին պաշտպանեց անկախությունը, պաշտպանեց պետականությունը, և կարծում եմ՝ տրամաբանություն փնտրել իրենց խոսքի մեջ՝ անիմաստ է։ Ընտրություններց հետո անցել է 12 օր, որևէ խնդիր չի առաջացել, որևէ կերպ չեն կարողանում ստվեր նետել ընտրությունների վրա»,- ասաց իշխանական պատգամավորը։
Արթուր Հովհաննիսյանը անդրադարձավ նաև 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հարցին։
«Ո՞ւր են էդ հարցերը, ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները, ո՞ր է Նարեկ Կարապետյանը, որ ամեն օր ահաբեկում է այդ լուրերով։ Ինչ-որ տնտեսական ծրագրերից էին խոսում, մեկը կար՝ վանդակի սիրահարը, ո՞ւր են դրանք ընդհանրապես։ Մեր ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հասկանում է և իրենց պատասխանը տվել է։ Մենք էլ մեր ժողովրդի տված մանդատով շարժվելու ենք առաջ և օրենքի ողջ խստությամբ պաժելու ենք պատերազմի եռագլուխ կուսակցությանը»,- սպառնաց նա։
Հովհաննիսյանը նշեց՝ ՔՊ-ի՝ սահմանադրական մեծամասնություն չունենալով որոշակի դժվարություններ ստեղծվել են, սակայն որևէ ծրագիր չի առկախվելու։
«Գտնելու ենք իրավական և նաև քաղաքական լուծումներ։ Մենք ինչ ուզենք՝ կանենք, որովհետև ընդդիմությունը մի շաբաթից ավելի է՝ չկա»,- ասաց իշխանական պատգամավորը։
Վերջում Ալխաս Ղազարյանն անդրադարձավ նաև ՌԴ-ի՝ ընտրություններից հետո ՔՊ-ին չշնորհավորելու փաստին՝ նշելով, որ բազմաթիվ երկրներ ճանաչել են ՀՀ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը։
«Հարևան երկրները, ուզեն թե չուզեն, հաշվի կնստեն դրա հետ»,- ասաց նա։











